ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամեն ջանք գործադրում եք, սակայն գումարը միևնույնն չի՞ բավականացնում։ Ծանոթ իրավիճակ է։ Գոյություն ունի ֆինանսների պակասի խնդրի լուծման ընդամենը երկու տարբերակ` ծախսերի նվազեցում և եկամտի ավելացում։ Առաջին տարբերակը ֆիքսված եկամտի դեպքում վաղ թե ուշ սպառում է իրեն, իսկ երկրորդը գրեթե անսահման է։ Սակայն եթե մարդն ընտրում է տնտեսելու տարբերակը, նա պետք է հստակ գիտակցի այն սահմանագիծը, որը բաժանում է գումար խնայելը ժլատությունից։ Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, անհրաժեշտ է լրջորեն մտածել եկամուտն ավելացնելու շուրջ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չափից դուրս ժլատության յոթ նշաններ, որոնք պետք է ստիպեն ձեզ սթափվել ու գործել։
1. Գնում ենք ամենաէժան ապրանքները

Ձգտելով տնտեսել` դուք գնում ենք ամենաէժան մթերքը, հագուստը, կոշկեղենը, կենցաղային քիմիան և տեխնիկան` մոռանալով ժողովրդական ասացվածքի մասին` «Ժլատը կրկնակի է վճարում, իսկ երբեմն նաև եռակի»։ Կատարելով նման գնումներ` պետք է մտածել ոչ միայն այսրոպեական շահի, այլև միջնաժամկետ և անգամ երկարաժամկետ հեռանկարի մասին։ Էժան ապրանքներն արագ փչանում են, և դուք ստիպված եք լինում կրկին նույն բանը գնել։ Արդյունքում, եթե հաշվենք, թե որքան գումար եք ծախսում այդ գնումների վրա, կարող է ստացվել, որ ծախսել ենք ավելի շատ, քան եթե գումար կուտակեիք և գնեիք որակյալ ապրանք, որը շատ ավելի երկար կծառայեր։
Ինչ վերաբերում է մթերքին, ապա որոշ դեպքերում իսկապես ճիշտ է նախընտրել ավելի էժանը, օրինակ, երբ խոսքը տեղական բանջարեղենի ու մրգի մասին է, որոնք արտաքինով, միգուցե, զիջում են ներկրվածներին, բայց համային ու օգտակար հատկություններով, հաստատ, գերազանցում են։ Սակայն որոշ մթերքների դեպքում ավելի լավ է չտնտեսել, օրինակ չարժե թարմ մսի և ձկան փոխարեն գնել կիսաֆաբրիկատներ։ Նման տնտեսումն արդարացված չէ և կարող է բացասաբար ազդել առողջության վրա։
2. Օգտվում եք էժան ծառայություններից

Երբ հարկավոր է ինչ–որ բան վերանորոգել, կարել, ներկել և այլն, դուք միշտ փնտրում եք էժան ծառայություններ մատուցող վարպետների`մոռանալով այն մասին, որ որքան էժան է ծառայությունը, այնքան ավելի ցածր է դրա որակը։ Եվ, հնարավոր է, դուք ստիպված լինեք ևս մեկ անգամ վճարել վատ կատարված աշխատանքը շտկելու համար։ Տնտեսող մարդը գիտի փողի գինը և պատրաստ է վճարել որակյալ արդյունքի համար, քանի որ դա կտնտեսի ժամանակը, նյարդերն ու միջոցները։
3. Հրաժարվում եք ձեռք բերել ամենաանհրաժեշտ իրերը

Դուք ապրում եք չվերանորոգված բնակարանում, որը հասել է ձեզ ժառանգության միջոցով, ունեք քանդված կահույք, որից օգտվել են ձեր ծնողները, երկար տարիներ կրում եք միևնույն իրերը և ոչինչ չեք ձեռնարկում իրավիճակը բարելավելու համար։ Հնարավոր է` այդ ամենի համար ունեք օբյեկտիվ պատճառներ, իսկ միգուցե պարզապես սովորել եք այդպես ապրել։ Ամեն դեպքում արժե հիշել, որ տնտեսող մարդն, ի տարբերություն ժլատի, հոգ է տանում իր կենսակերպի մասին` խուսափելով իսկապես անհիմն ծախսերից։
4. Նախընտրում եք այսրոպեական շահը

Առևտրում լայնորեն կիրառվում է զեղչերի համակարգ, եթե դուք գնում եք ավելի շատ ապրանք, քան այդ պահին անհրաժեշտ է։ Երկարաժամկետ հեռանկարում նմանատիպ ծախսերը վերադարձվում են, այդ պատճառով շահավետ են։ Հայտնի է, որ կենցաղային քիմիայի ապրանքների մեծ փաթեթները, օրինակ լվացքի փոշին և սպասք լվանալու հեղուկները շատ ավելի էժան են կիլոգրամով կամ լիտրով գնելու դեպքում։ Սակայն դուք միշտ գնում եք փոքր փաթեթներ, քանի որ այդ պահին դա ձեզ համար ավելի էժան է։
5. Գնումներ եք կատարում միայն մեծ զեղչերի ժամանակ և սիրում եք այն ամենն, ինչ անվճար է
Մեծ զեղչերին ուշադրություն դարձնելը դեռ ոչնչի մասին չի վկայում։ Սակայն հարկավոր է լրջորեն մտածել, եթե դուք սկսում եք գնել անպետք իր միայն այն պատճառով, որ դրա վրա կան մեծ զեղչեր և չեք գնում իսկապես անհրաժեշտ իրերը, քանի որ դրանք զեղչված չեն։
Այս ուղղությամբ կատարած հաջորդ քայլն անվճար իրերի ու ծառայությունների հանդեպ տարվածությունն է։ Եթե «Կարևորն անվճար է» արտահայտությունը դարձել է առանցքային ցանկացած ապրանքի կամ ծառայության հարցում, ապա դուք արդեն հատել եք տնտեսելու սահմանը։
6. Հոգևոր պահանջմունքներն ու արժեքները դարձել են անիմաստ

Դուք սահմանափակել եք ձեր ծախսերը ֆիզիկական պահանջմունքներով, և այն, ինչ դուրս է գալիս ֆիզիկականի սահմաններից` թատրոն, կինո, թանգարան, հոբբի, չափազանց թանկ ու աննպատակահարմար է։ Հանգստյան օրերին դուք ողջ օրն անցկացնում ենք սուպերմարկետներում և առևտրի կենտրոններում` փորձելով գտնել մեծ զեղչեր ու կատարել գնումներ` հաճախ չհասցնելով հանգստանալ և ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Դուք զրկել եք ձեզ կյանքի բոլոր ուրախություններից, արդյոք կարելի՞ է նման կյանքը լիարժեք համարել։ Տնտեսել չի նշանակում հրաժարվել կյանքի բոլոր հաճույքներից։
7. Ամեն ինչ փողով եք «չափում»
Սովորելով մշտական և կոշտ տնտեսման` դուք աստիճանաբար սկսում եք ամեն ինչ «չափել» փողով։ Անընդհատ վախենում եք ավել գումար ծախսել, և ձեր կյանքը կամաց–կամաց վերածվում է գոյատևման։ Դուք սկսում ենք անընդհատ մտածել փողի մասին` գնահատելով ոչ միայն իրերը, այլև մարդկանց։ Սթափվեք և հասկացեք, որ փողն ընդամենը ռեսուրս է, և այն կարելի է վաստակել, իսկ բաց թողած ժամանակն անվերադարձ կորչում է։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-