«Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան»․ համաշխարհային մշակույթի գլուխգործոցները ցուցադրվում են Երևանում (ՖՈՏՈ)

22.09.2025, 10:30
Անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում Փարիզի Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը․ ՖՈՏՈ
«Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան»․ համաշխարհային մշակույթի գլուխգործոցները ցուցադրվում են Երևանում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում Փարիզի Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը։

Հայաստանի պատմության թանգարանն առաջին անգամ է հյուրընկալում Լուվրի թանգարանի 16 ուշագրավ արևելաքրիստոնեական ցուցանմուշները, որոնք համադրվել են ՀՊԹ հարուստ հավաքածուներից առանձնացված ընտրանու հետ։ Ցուցադրության համադրողներն են Դավիթ Պողոսյանը, Նժդեհ Երանյանը, Սոնա Հովսեփյանը, Մաքսիմիլիեն Դյուրանը և Կամիլ Շենեն:

выставка Лувра в Ереване 

Թանգարանային առարկաներն ունեն լայն աշխարհագրական ընդգրկում (Բուլղարիայից Եգիպտոս, Կրետեից Սիրիա), 4-րդ դարից մինչև 19-րդ դարն ընդգրկող գլուխգործոցներ՝ ապակու և փայտարվեստի օրինակներ, քարից քանդակներ՝ խաչքարեր, ճարտարապետական բեկորներ, ոսկերչական բացառիկ աշխատանքներ, ինչպես նաև եկեղեցական հանդերձանք, վարագույրներ, սպասք և սրբապատկերներ։ 

Լուվրի թանգարանից փոխառված ցուցանմուշներից են Հովնան մարգարեի պատկերով գործվածքը (4-5-րդ դդ․, Եգիպտոս), խաչի ու ձկան քանդակը (5-7-րդ դդ., Եգիպտոս), մասանց պահարանը (5-րդ դ., Իտալիա), Գանեի սկիհը (6-7-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն) և արծաթյա դրվագազարդ ապարանջանը (12-13-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական Աստվածամոր սրբապատկերը (15-րդ դ., Կրետե), խաչելության տեսարանով սրբապատկերը (19-րդ դ., Երուսաղեմ)։

 выставка Лувра в Ереване

Դրանք համադրվել են Հայաստանի պատմության թանգարանում պահվող Դվինի թևավոր խաչի (7-րդ դ.), Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու փայտե խոյակների (9-րդ դ.), շքեղ փորագրություններով դռան (15-րդ դ.), Անիի բուրվառներից մեկի (13-րդ դ.), Բաղեշի Սբ. Հովհաննես վանքի խորանախաչի (1770 թ.), Գավառի Սբ. Հովհաննես եկեղեցու վարագույրի (19-րդ դ.) և այլ արժեքավոր ցուցանմուշների հետ։ 

Առանձնակի է ներկայացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։ Երկու հավաքածուների համատեղ ցուցադրությունը նպատակ ունի ընդգծելու Հայաստանի և քրիստոնյա Արևելքի բազմադարյա գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը։

 выставка Лувра в Ереване

Ցուցահանդեսով սկիզբ է դրվում Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցության նոր ձևաչափի՝ հիմնված անցյալ տարի երկու հաստատությունների միջև կնքված հուշագրի վրա։ Այն հանգամանքը, որ ցուցահանդեսը բացվում է Անկախության տոնին, խորհրդանշական է Հայաստանի՝ որպես առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած և խոր քրիստոնեական արժեհամակարգ ունեցող երկրի համար։

выставка Лувра в Ереване

Բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, պաշտոնատար այլ անձինք։ 

Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի մարտի 21-ը։

Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում։