ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ամենայն հայոց մեծ բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի 150–ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներն աննախադեպ են լինելու ինչպես իրենց ծավալով, այնպես էլ նշանակությամբ։ Այդ մասին հինգշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում հայտնեց գրողի Տուն–թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանը։
«Հոբելյանի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս երկու տարի առաջ։ Չնայած որոշ դժվարությունների` Տուն–թանգարանը բարձր մակարդակով կնշի Թումանյանի տարեդարձը»,– ասաց նա։
Նոր բացառիկ հրատարակություններ

Մեծ գրողի 150–ամյակի տոնակատարության շրջանակում գրողի Տուն–թանգարանը կթողարկի 1970-80–ականների նրա ստեղծագործությունների ակադեմիական ժողովածուի թարմացված տարբերակը։ Մասնավորապես, Եղիազարյանի խոսքով, գրողի հոբելյանին ընդառաջ կթողարկվեն առաջին երկու հատորների թարմացված 1000 օրինակներ, իսկ մինչև տարեվերջ` ևս երկուսը։
«Աշխատանքներն իրականացվում են Գրականության ինստիտուտի հետ համատեղ, սակայն գործընթացը ձգձվում է պատշաճ պետական ֆինանսավորման բացակայության պատճառով։ Այնուամենայնիվ, հույս ունենք, որ երկու տարի անց կունենանք թարմացված ակադեմիական ժողովածու»,– նշեց Եղիազարյանը։
Տուն–թանգարանը ծրագրում է նաև Թումանյանի կյանքին և գրական գործունեությանը, նրա ընտանիքին նվիրված մի քանի հետաքրքիր ժողովածուներ։
«Աշնանը լույս կտեսնի «Մեծերը Թումանյանի մասին» ժողովածուն, որում զետեղված են արտահայտություններ, հրապարակումներ և հոդվածներ նրա մասին»,– ասաց նա։
Եղիազարյանը հայտնեց, որ մեկնարկել են նաև գրողի որդու` Արտավազդ Թումանյանի ստեղծագործություններին նվիրված քառահատորյակի հրատարակման աշխատանքները։
«Արդեն թողարկվել է 24 տարեկան հասակում մահացած այդ տաղանդավոր գրողի ժողովածուների երկու հատորը։ Առաջիկա երկու տարիներին ծրագրում ենք հրատարակել ևս երկու հատոր»,– ասաց Եղիազարյանը, նշելով, որ տարվա ընթացքում լույս կտեսնեն նաև այլ հանդեսներ` նվիրված Թումանյանի ընտանիքի անդամներին։
Загружается новость ... "Лево"
Ընտիր երկերի բազմալեզու ժողովածու
Քանի որ 2019 թվականը պաշտոնապես հայտարարվել է ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանի տարի, Տուն–թանգարանը մտադիր է հրապարակել Թումանյանի ընտիր երկերի քառահատոր ժողովածու անգլերեն, գերմաներեն, արաբերեն, պարսկերեն և վրացերեն լեզուներով։
«Թումանյանը կներկայանա միջազգային հանրությանը միանգամայն նորովի։ Կներկայացվեն նրա հրապարակումների և հոդվածների ընտրված հատվածներ, ինչպես նաև` բանաստեղծություններ և պոեմներ»,– ասաց տնօրենի պաշտոնակատարը։
«Թումանյան» տառատեսակ
Տուն–թանգարանը ստեղծել է հայերեն, լատիներեն տառերի և կիրիլիցայի համար Թումանյանի ձեռագրին մոտ տառատեսակ։
«Ցանկացողը կարող է ստանալ տառատեսակը` դիմելով Տուն–թանգարան էլեկտրոնային փոստով։ Առաջիկայում մենք հնարավորություն կընձեռենք բեռնել այն մեր կայքից»,– ասաց Եղիազարյանը, ավելացնելով, որ նոր տառատեսակն արդեն օգտագործվում է գրողի մասին աշխատանքներում։
Ժողովածու` սփյուռքահայ երեխաների նկարազարդումներով
Եղիազարյանը հայտնեց, որ մեծ գրողի տոնակատարությանն ակտիվ միացել են նաև արտերկրի հայկական համայնքները։
«Մենք դիմել ենք մեր սփյուռքի ուսումնական հաստատություններին Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուներից մեկի նկարազարդումներին մասնակցելու կոչով։ Մեր կոչին արձագանքել են մեր բոլոր համայնքների դպրոցականները` ԱՄՆ–ից մինչև Ավստրալիա։ Շուտով մենք կհրատարակենք այդ բացառիկ ժողովածուն»,– ասաց Եղիազարյանը։
Նորաձևության ցուցադրություն
Տնօրենի պաշտոնակատարի խոսքով, Թումանյանի հոբելյանին ընդառաջ Տուն–թանգարանում կկազմակերպվի 19-րդ դարի վերջի–20–րդ դարի սկզբի հայկական տարազի ցուցադրություն։
«Մենք ընտրել ենք մի քանի նուրբ տարազներ, որոնք կրել է Թումանյանի ընտանիքը։ Հայտնի է, որ նրա ընտանիքն աչքի է ընկնում նրբաճաշակությամբ, և նրանք այն ժամանակի համար նորաձևության օրինակ էին։ Բոլոր տարազները վերստեղծված են ըստ լուսանկարների»,– ասաց նա։
Ինչպես հայտնեց Եղիազարյանը, նորաձևության ցուցադրությունները կկազմակերպվեն Երևանում, Թբիլիսիում և Մոսկվայում։
Մուլտֆիլմեր և խաղեր
Հոբելյանի շրջանակում Տուն-թանգարանը մտադիր է մի քանի մուլտֆիլմ թողարկել, ինչպես նաև հրապարակումներ Թումանյանի ստեղծած խաղերի վերաբերյալ:
«Կփորձենք ներկայացնել երեխաներին Թումանյանի ողջ հետաքրքիր և բարդ կյանքը` չծանրաբեռնելով նրանց տխուր մանրամասներով: Այնուհանդերձ, մենք շեշտը կդնենք նրա վրա, թե ինչպես էր հայտնի գրողը զբաղվում է Ցեղասպանությունից որբացած երեխաների հետ, ստեղծելով նրանց համար նոր խաղեր»,- ասաց Եղիազարյանը:
Ըստ նրա, առաջիկայում լույս կտեսնի «Աստղերի խաղը» գիրքը, որը կատմի Թումանյանի ստեղծած հետաքրքիր խաղերից մեկի մասին, որը կարող է գերել նաև մեծահասակներին:
Տոնական միջոցառումներ և տրանսլյացիաներ
«Հանդիսավոր միջոցառումները կանցկացվեն փետրվարի 19-ին Թումանյանի Տուն-թանգարանում` առավոտից մինչև ուշ երեկո: Այցելուներին կառաջարկվի տարբեր միջոցառումների լայն ներկապնակ, որոնց վրա աշխատել է հայտնի ռեժիսոր Սահակ Մովսիսյանը: Երեկոն կավարտվի հրավառությամբ` Տուն-թանգարանի տանիքի վերևում», - հայտնեց Եղիազարյանը:
Ըստ նրա, նույն օրը ուղիղ կապ կհաստատվի Թիֆլիսից և գրողի հայրենի գյուղ` Դսեղից:
«Այդ օրը Թումանյանի ընտանիքի անդամները կայցելեն նրա շիրիմին Թիֆլիսի Խոջիվանք պանթեոնում:Կեսօրին կապ կհաստատվի Դսեղ հայրենի գյուղի հետ, որտեղ բանաստեղծի անվան դպրոցի սաներն անկնկալ են պատրաստել», - ասաց նա:
Մեծ գրողի մասին
Հովհաննես Թումանյանը ծնվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում 1869 թ.-ի փետրվարի 7-ին (19-ին): Հիմնական կրթությունը ստացել է Ջալալօղլու (այժմ Ստեպանավան) գյուղում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում, սակայն չի ավարտել այն: Ծանր նյութական վիճակի պատճառով աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում և Թիֆլիսի Հայ Հրատարակչական միության գրասենյակում: 1893 թ.-ից զբաղվել է բացառապես գրական և հասարակական աշխատանքներով:
Թումանյանը եղել է մեծ հասարակական տեմպերամենտի և հեղինակության տեր գործիչ, շատ բան է արել է որպես Հարավային Կովկասի ժողովորդների բարեկամության և եղբայրության բուռն ջատագով: Որպես վառ հասարակական գործիչ` Թումանյանը ենթարկվել է հետապնդումների, ձերբակալվել է 1908 և 1911 թ.-ներին:
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը: 1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ: 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։
Թումանյանը սկսել է գրել 80 թ.-ի կեսերին: Մահացել է 1923 թ.-ի մարտի 23-ին Մոսկվայում, հուղարկավորվել է Թիֆլիսում:
Թումանյանն ունեցել է 10 երեխա՝ 4 տղա և 6 աղջիկ:-0-