ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հանրահայտ ամերիկացի երաժիշտ և երգիչ Դենիել Դեքերը պատմեց լրագրողներին, որ իր ցանկությամբ հայ է դարձել:
«Ես արդեն տասնհինգ տարի է` գալիս եմ Երևան, իսկ անցած տարի ստացել եմ հայկական անձնագիր: Չէ՞ որ հայ լինելը արյամբ չի որոշվում. դա փիլիսոփայություն է, աշխարհընկալում: Ես հետարքրքվել եմ Հայաստանով հետաքրքրությունից ելնելով, բայց երբ ծանոթացել եմ հայկական մշակույթին, հայերի ոգու ուժին, սիրել եմ այս երկիրը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանեց Դեքերը:
Նա պատմեց, որ իր հերթական այցը Հայաստան միանգամից մի քանի նպատակ ունի: Նախ, աջակցել հայ ազգին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո, երկրորդ` երաժիշտ Արա Գևորգյանի հետ աշխատել «Արաքս» երգի վրա, ինչպես նաև սկսել հոկտեմբերի համերգի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
«Երբ ես լսեցի հայ ազգի համար այդքան խորհրդանշական «Արաքս» երգը, հիշեցի` ինչպես տեսա հայկական գետի մյուս ափին թուրք զինվորներին: Եվ հասկացա, որ հայերը պետք է ազատ քայլեն այս հայկական գետի երկու ափերով: Հարցը միայն այն է, թե երբ դա տեղի կունենա», - ասաց Դեքերը:
Նա հայտարարեց, որ չի վախենում Թուրքիայի ճնշումից, քանի որ համոզված է, որ Հայոց ցեղասպանության փաստը եղել է, իսկ Ղարաբաղը հայկական է:
«Հայաստանը մեծ դեր ունի իմ կյանքում, ես շատ ծրագրեր ունեմ ձեր երկրի հետ կապված: Այժմ մտածում եմ հայկական հոգևոր երգերի կատարման և ձայնագրման մասին», - ասաց Դեքերը:
Երաժիշտ Արա Գևորգյանն իր հերթին հայտնեց, որ վաղուց է համագործակցում ամերիկացի գործընկերոջ հետ, ով գրում է իր երաժշտության խոսքերը:
«Ուղղակի պետք է լսել, թե ինչպես է նա կատարում Հայոց ցեղասպանության թեմայով հայկական երգերը` «Ադանան», «Կիլիկիան»: «Ադանան» գրելու համար նա մեկ տարի ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության թեման», - ասաց Գևորգյանը:
Նա հիշեցրեց, որ հատուկ Հայոց ցեղասպանության 100-ամյակի համար Դեքերը գրել է «Remember» երգը: Նա պայքարում է ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նրա ձայներիզներից մեկի վրա գրված է «Ես հայ եմ, դա իմ ընտրությունն է», - պատմեց երաժիշտը: -0-