«Եվրատեսիլի» կազմակերպիչները խորհրդավորություն են հաղորդել երգի շոուին

18.02.2016, 17:42
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները քվեարկության ընթացքն ավելի խորհրդավոր են դարձրել:
«Եվրատեսիլի» կազմակերպիչները խորհրդավորություն են հաղորդել երգի շոուին
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները քվեարկության ընթացքն ավելի խորհրդավոր են դարձրել, նշվում է մրցույթի պաշտոնական կայքում։

Քվեարկության ընթացքն արմատականորեն կփոխվի 2016 թվականին։ Այսպես, նախորդ տարիներին մասնագիտական ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքները ներկայացվում էին միասին` 50։50 հարաբերակցությամբ։ 2016 թվականից պրոֆեսիոնալ ժյուրին և հեռուստադիտողները յուրաքանչյուր երգին առանձին կտան 1–ից մինչև 8, 10 և 12 միավոր։

Յուրաքանչյուր երկրում պրոֆեսիոնալ ժյուրին սկզբից կներկայացնի 1–ից 8, ինչպես նաև 10 և 12 միավորները։ Իսկ հեռուստաքվեարկության միավորները կհավաքվեն մեկ ընդհանուր արդյունքի մեջ, իսկ եզրափակիչ շոուի արդյունքներով, հաղորդավարը կհնչեցնի այն երկրները, որոնք հեռուստադիտողներից ստացել են նվազագույնից մինչև առավելագույն (1–ից 8, ինչպես նաև 10 և 12) միավորներ։ Դրանք կգումարվեն ժյուրիի միավորներին, և հաղթողները կորոշվեն ըստ հանրագումարի։

«Եվրատեսիլ» մրցույթի սուպերվայզեր Յոն Ուլա Սանը նշեց, որ ձայների ներկայացման նոր ձևը մեծ առաջընթաց է ինչպես ավելի վառ շոու ստեղծելու, այնպես էլ մրցույթն ավելի հետաքրքիր դարձնելու հարցում։

«Ավելի շատ պատճառներ կլինեն քվեարկելու մրցույթի ընթացքում։ Քվեարկության նոր ձևաչափը երաշխավորում է, որ հանդիսատեսին ամենից դուրս եկած երգը կարող է 12 միավոր ստանալ անկախ ժյուրիի քվեարկությունից»,– նշել է Սանը։

«Եվրատեսիլի» մյուս կազմակերպիչները կարծում են նաև, որ քվեարկության նոր համակարգը եզրափակիչն ավելի դրամատիկ կդարձնի, քանի որ մինչև վերջ հայտնի չի լինի հաղթողի անունը։

Մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան Ստոկհոլմում մայիսի 10–ին և 12–ին, եզրափակիչները` մայիսի 14–ին։

Երկուշաբթի անցկացված վիճակահանության արդյունքներով, առաջին կիսաեզրափակչին Հայաստանի հետ կմասնակցեն Ավստրիան, Ադրբեջանը, Բոսնիան և Հերցեգովինան, Խորվաթիան, Հունաստանը, Հունգարիան, Կիպրոսը, Չեխիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Էստոնիան, Մալթան, Մոլդովան, Չեռնոգորիան, Ռուսաստանը, Սան Մարինոն և Նիդեռլանդները։

Երկրորդ կիսաեզրափակչում կմրցեն Ալբանիան, Ավստրալիան, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Մակեդոնիան, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սերբիան, Սլովենիան, Շվեյցարիան և Ուկրաինան։
Ելույթների ճշգրիտ հերթականությունը հայտնի կդառնա մարտին։ «Եվրատեսիլ 2016»–ին ընդհանուր առմամբ կմասնակցի 43 երկիր։ Մրցույթն անցկացվում է «Միավորվենք» (Come together) կարգախոսով։ -0-