Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ

14.04.2017, 14:30
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։

«Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած նվագախումբը Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հնչեցրել է Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները», - հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

«Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլժբետա Պենդերեցկայի խոսքով, համերգն ապացուցեց, որ Հայաստանն ունի շատ լավ նվագախումբ՝ հոյակապ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: «Նվագախմբին գնահատեց ոչ միայն լեհ, այլև` միջազգային արվեստասեր հանրությունը», - նշել է նա։

Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը նշել է, որ հպարտության, ուրախության, հուզմունքի զգացումներ է ապրում, քանի որ հայ ժողովրդի տաղանդավոր երիտասարդները լեհ հանդիսատեսին են ներկայացրել հայ դասական երաժշտությունը, իսկ համերգն արժանացել է անվերջանալի թվացող ծափահարությունների։

Երիտասարդական նվագախմբի ելույթը Բեթհովենի Զատկի փառատոնում նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև՝ Լեհաստանի հայկական համայնքի ստեղծման 650-ամյա հոբելյանին։ Համերգին նվագախմբի հետ հանդես են եկել մենակատարներ Նարեկ Հախնազարյանը (թավջութակ) և Յարոսլավ Նադրզիցկին (ջութակ)։ -0-