Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

08.07.2025, 18:50
«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 1lurer.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին ՔԿ-ից:

«Դատախազի կողմից որոշում է կայացվել Ս.Օ.-ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Ս.Օ.-ն հրաժարվել է ցուցմունք տալուց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- նշել են ՔԿ-ից:

Նախօրեին Ազգային ժողովը կողմ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործերը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կապված են իրար հետ: Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն: