ԵՐԵՎԱՆ, հուլիսի 13. /Նովոստի-Արմենիա/. «Խենթ պատմություն» (Une Histoire de Fou) ֆիլմի հերոսի՝ հայի ճակատագիրն արտացոլում է ողջ մարդկության պատմությունը, երկուշաբթի լրագրողներին ասաց ֆրանսահայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և հայազգի դերասան Ռոբեր Գեդիգյանը:
Գեդիգյանի ֆիլմի պրեմիերան կայացավ նախօրեին Երևանում «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնի շրջանակում:
«Ես վաղուց էի ցանկանում ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին, որը կամփոփեր հայկական իրականությունը: Կցանկանայի նշել, որ սցենարը գրելը բարդ էր: Բայց Հայոց ցեղասպանության մասին անհրաժեշտ է պատմել»,- երկուշաբթի ֆիլմի քննարկման ժամանակ ասաց ռեժիսորը:
Նրա խոսքով՝ ֆիլմում ծավալվող իրադարձությունները պատմական փաստերի արտացոլում են, և այդ առումով հատուկ կարևորություն ունի մոր կերպարը:
Գեդիգյանի կինը՝ դերասանուհի Արիան Ասկարիդը, ով ֆիլմում մարմնավորում է մոր կերպարը, պատմեց, որ իր հերոսուհու կերպարը շատ բարդ է, նրանում միաժամանակ համադրվում են չհասկանալը, սերը, պատասխանատվությունը:
Նա հավելեց, որ իր համար դժվար չէր մարմնավորել այդ կերպարը, քանի որ անձամբ մայր է և դերասանուհի:
«Խենթ պատմություն» ֆիլմը պատմում է Արամ անունով երիտասարդ հայի մասին, ով 1981թ.-ին Փարիզում պայթեցնում է թուրք դեսպանի մեքենան՝ ծանր վնասվածք պատճառելով Ժիլին, որն անցնում էր հեծանվով: Արամը փախչում է Բեյրութ՝ միանալու Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Նրա մայրը՝ Անուշը, գնում է հիվանդանոց Ժիլին տեսնելու և որդու համար ներողություն խնդրելու, բայց Ժիլն ուզում էր նարն դեմ առ դեմ հանդիպել ու նրա հետևից գնում է Բեյրութ:
Մինչև երևանյան ցուցադրությունը ֆիլմը ցուցադրվել է միայն Կաննի կինոփառատոնի հատուկ ծրագրի շրջանակում: Սակայն կինոնկարի ցուցադրությունը ծրագրված է աշխարհի շատ երկրներում, մասնավորապես, նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում:
«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։ Տարբեր տարիների փառատոնի շրջանակում Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց շարքում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը: 2010-ին Երևանյան կինոփառատոնն արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D'honneur միջազգային միության գլխավոր մրցանակի: «Նովոստի-Արմենիան» կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է:-0-