Երևանում կայացել են «Լույս առանց աչքերի» և «Հոգեվարք» ֆիլմերի պրեմիերաները

10.12.2014, 20:21
«Օրդֆիլմ» կինոընկերության նկարահանած «Լույս առանց աչքերի» և «Հոգեվարք» ֆիլմերի պրեմիերաներ կայացել են Երևանում դեկտեմբերի 10–ին։
Երևանում կայացել են «Լույս առանց աչքերի» և «Հոգեվարք» ֆիլմերի պրեմիերաները

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Օրդֆիլմ» կինոընկերության նկարահանած «Լույս առանց աչքերի» և «Հոգեվարք» ֆիլմերի պրեմիերաներ կայացել են Երևանում դեկտեմբերի 10–ին։

«Մենք երկու ֆիլմ ենք ներկայացնում` «Լույս առանց աչքերի» վավերագրական ֆիլմը և «Հոգեվարք» կարճամետրաժ ֆիլմը, որը մեր ստուդիայի` խաղարկային կինոյի շուկա մտնելու առաջին փորձն է»,– լրագրողներին չորեքշաբթի ասաց «Օրդֆիլմ» կինոընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Օրդյանը պրեմիերայից առաջ։

Նա միաժամանակ ընդգծեց, որ այդ երկու ժապավենները որոշակի հաշվետվություն է կինոստուդիայի հինգ տարիների գործունեության վերաբերյալ։

Ըստ նրա, «Լույս առանց աչքերի» ֆիլմը նկարահանվել է Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ։ Սցենարի հեղինակը Նաիրա Փայտյանն է։

Դա պատմություն է կույր կնոջ և նրա երեխայի մասին։ Ֆիլմը շատ դրական է, թեև ֆիլմում լուրջ խնդիր է քննարկվում։

Օրդյանի խոսքով` «Հոգեվարք» ֆիլմը նվիրված է Հայաստանի համար ամենացավոտ` արտագաղթի խնդրին։ «Սա երկու տարեց ամուսինների պատմություն է։ Ամուսինը հոգեվարքի մեջ է և սպասում է Հայաստանի սահմաններից դուրս աշխատող երեխաներին»,– ֆիլմը հակիրճ ներկայացրեց Օրդյանը։

Օգտվելով առիթից` կինոգործիչը խոսեց Հայաստանում ֆիլմերի արտադրության հետ կապված խնդիրների մասին։

«Հայաստանում կինո նկարելը բարդ է ստեղծագործական առումով, բայց պրոդյուսերական աշխատանքը կրկնակի բարդ է»,– ասաց նա։

Ըստ նրա` Հայաստանում մինչ օրս գոյություն չունի կինովարկ հասկացություն։ «Մենք ստեղծագործական կինո ենք նկարահանում առևտրային նկարահանումներից վաստակած միջոցների հաշվին։ Դա շատ է բարդացնում մեր աշխատանքը»,– ասաց կինոընկերության տնօրենը։

Նա միաժամանակ հույս հայտնեց, որ երկու ֆիլմերի պրեմիերաներն ու կինոընկերության հնգամյակը կնպաստի Հայաստանի կինոարտադրության զարգացմանը։

«Օրդֆիլմ» կինոընկերությունը ստեղծվել է 2009 թվականին։ Այն արդեն 25 վավերագրական ֆիլմեր և 40 հոլովակներ է նկարել, մասնակցել է համատեղ նախագծերի։ Կինոընկերության ֆիլմերն արժանացել են միջազգային մրցույթների հեղինակավոր պարգևների։ Կինոընկերությունների նկարահանած ֆիլմերի շարքում չի կարելի չնշել «Կյանքը ժապավենի վրա։ Ֆրունզիկ Մկրտչյան», «Կինոբանաստեղծ։ Արտավազդ Փելեշյան» և 2012 թվականին «ТЭФИ» մրցանակի արժանացած «Էդուարդ Ղազարյան։ Հրաշագործ» ֆիլմերը։ -0-