Շառլ Ազնավուրը միակ համերգը կունենա Մոսկվայում

02.10.2014, 14:36
Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը դասական երգացանկի երգեր կկատարի Մոսկվայում կայանալիք միակ համերգի ժամանակ` իր 90-ամյակի առիթով համաշխարհային եզրափակիչ շրջագայության շրջանակում:
Շառլ Ազնավուրը միակ համերգը կունենա Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը դասական երգացանկի երգեր կկատարի Մոսկվայում կայանալիք միակ համերգի ժամանակ` իր 90-ամյակի առիթով համաշխարհային եզրափակիչ շրջագայության շրջանակում:

Համերգը կկայանա հոկտեմբերի 3-ին Կրոկուս Սիթի Հոլում:

«Երջանիկ եմ կրկին լինել Մոսկվայում և այդպես եմ ասում ամեն անգամ, երբ այստեղ եմ լինում»,- ասել է Ազնավուրը համերգին նվիրված մամուլի ասուլիսում:

Երգչի խոսքով` համերգի ընթացքում կկատարի իր դասական երգացանկի ստեղծագործություններից:

Խոսելով իր 90-ամյա հոբելյանին (մայիսի 22) նվիրված եզրափակիչ համաշխարհային շրջագայության մասին` Ազնավուրն իր տարիքն ավելացրեց` ասելով, թե ինքը կդառնա «առաջին երգիչը, ով երգում է հարյուր տարեկան հասակում»:

Շանսոնիեի խոսքով` ինքը ֆիզիկական լավ վիճակում է` ամեն ինչում չափավորության և ինքն իր հետ ներդաշնակության շնորհիվ:

«Սպորտով չեմ զբաղվում, բայց շատ չափավոր խմում եմ և այլև չեմ ծխում, խուսափում եմ այն ամենից, ինչ արդեն 50-ից հետո ավելի լավ է չանել: Ամեն մարդ հավասարակշռություն պետք է գտնի իր ներսում: Պետք է սովորել վերահսկել սեփական անձը և «ափերից դուրս չգալ», միայն ծայրահեղ դեպքերում»,- իր երկարակեցության գաղտնիքն է հայտնել Ազնավուրը: Իսկ «երջանկության անձնական բաղադրատոմսը», ըստ երգչի, երջանիկ ընտանեկան կյանքն է:

«Մաղթում եմ իմ տարիքի բոլոր մարդկանց իմ պես ակտիվ լինել»,- ավելացրել է շանսոնիեն:

Շառլ Ազնավուրը մեծանուն հայազգի կատարող և ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից շատերը ներառվել են ոչ միայն ֆրանսիական էստրադայի, այլ նաև համաշխարհային երաժշտական ժառանգության գանձադարանում: Շառլ Ազնավուրը CNN-ի կողմից ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարող, նա առաջին ֆրանսիացի երգիչն է, ով Եվրոպայում պլատինե ձայնասկավառակ է ստացել:

Երգչի երգացանկում ավելի քան հազար երգեր կան, որոնցից մի մասը նա ինքն է կատարել, իսկ մի մասը ներառվել է Բոբ Դիլանի, Լայզա Մինելիի, Խուլիո Իգլեսիասի և այլ հայտնի կատարողների երգացանկերում: Շառլ Ազնավուրի ստեղծագործական կարիերայի ընթացքում ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան հարյուր միլիոն ձայնասկավառակ: Երգիչը միևնույն բեմում հանդես է եկել և սերտորեն համագործակցել այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են՝ Լուչիանո Պավարոտին, Ֆրենկ Սինատրան, Պատրիցիա Կաասը, Սելին Դիոնը, Պլասիդո Դոմինգոն: Որպես դերասան՝ Շառլ Ազնավուրը նկարահանվել է 60 ֆիլմերում: -0-