Հայաստանում սեպտեմբերի 30-ին առաջին անգամ «Գութան» ազգագրական փառատոն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեպտեմբերի 30-ին առաջին անգամ ազգագրական երգ ու պարի «Գութան» փառատոն կանցկացվի, հայտարարեց Հայաստանի վաստակավոր ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանը:
Փառատոնին, որը կանցնի Կասկադում, կմասնակցեն այնպիսի հայտնի ազգագրական համույթներ, ինչպիսիք են՝ «Կարին», «Մարաթուկ», «Սասուն», «Վան», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Վերադարձ»:
«Մեր գլխավոր նպատակն էր այնպիսի փառատոն կազմակերպել, որը կնպաստի մեր մշակույթի պահպանմանը: Մենք ցանկանում ենք հավաքվել միասին, որպեսզի ցույց տանք, որ մեկ ընդհանուր մշակույթ ունենք», - հայտարարեց Գրիգորյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ փառատոնը մշտական բնույթ կկրի, և տարեցտարի նրա ձևաչափը կընդլայնվի:
«Մենք՝ հայերս, շատ հետաքրքիր ժողովուրդ ենք, սակայն, ցավոք, մեր մշակույթի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ունենք: Մենք ծնված օրվանից պետք է երեխաների մեջ սերմանենք հայրենիքի նկատմամբ սերը: Թող յուրաքանչյուր հայ հասկանա մշակութային արժեքների կարևորությունը», - ասաց «Սասուն» ավանդական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը:
Կազմակերպիչների խոսքերով՝ սպասվում է, որ փառատոնին մեծ թվով երիտասարդներ կմասնակցեն:
Միջոցառումը տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև կազմակերպիչների ընկերների և հարազատների աջակցությամբ:-0-