Հայաստանում առաջին անգամ «Խոսելով սահմանների մասին» խորագրով թատերախաղի միջազգային մրցույթ է անցկացվում

09.09.2014, 17:33
Հայաստանում երեքշաբթի մեկնարկել է «Խոսելով սահմանների մասին» խորագրով թատերախաղի X միջազգային մրցույթը, տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:
Հայաստանում առաջին անգամ «Խոսելով սահմանների մասին» խորագրով թատերախաղի միջազգային մրցույթ է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում երեքշաբթի մեկնարկել է «Խոսելով սահմանների մասին» խորագրով թատերախաղի X միջազգային մրցույթը, տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:

Նյուրնբերգի պետական թատրոնի նախաձեռնած մրցույթը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Այս տարվա մրցույթի առանձնահատկությունն այն է, որ մրցույթին կարող են մասնակցել միայն հայ հեղինակներ:

«Մրցույթի կազմակերպման գործին մասնակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը, ինչպես նաև «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի կազմկոմիտեն», - ասաց Տեր-Վարդանյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

«Խոսելով սահմանների մասի» մրցույթի նպատակն է Արևելյան Եվրոպայի երկրների թատերական պիեսների հեղինակներին ներգրավել «Կյանքի նկատմամբ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների դարաշրջանում» թեմայի շուրջ բանավեճերում:

Տեր-Վարդանյանի կարծիքով՝ մրցույթը հիանալի հնարավորություն է նոր տաղանդների բացահայտման համար: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչները:

«Հաղթողը կստանա 3500 եվրո մրցույթի կազմակերպիչներից, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ՀՀ մշակույթի նախարարության կողմից համապատասխանաբար 1500 և 1000 եվրոյի չափով դրամական պարգևավճարներ կստանան», - տեղեկացրեց փոխնախարարը:

Մրցույթի ծրագրի նախաձեռնող Քրիստիան Պապկեն իր հերթին նշեց, որ մրցույթին ներկայացված պիեսը պետք է նվիրված լինի սահմանների թեմային, ընդ որում ոչ միայն աշխարհագրական, այն նաև` գիտակցության սահմաններին:

«Ես համոզված եմ, որ հայերը պատմելու բան ունեն: Մտածեք այնպիսի պատմություն գրելու մասին, որը հետաքրքիր կլիներ անձամբ ձեզ համար և գլոբալ նշանակություն կունենար: Պիեսը պետք է գրված լինի 5-6 դերասանի  համար», - տեղեկացրեց Պապկեն:

Նրա խոսքերով՝ միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված է հինգ անդամ, որոնցից երկուսը Հայաստանից են լինելու: Պիեսը պետք է գրված լինի հայերեն և թարգմանված լինի անգլերեն և գերմաներեն: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել մեկ պիես, որը չի բեմադրել և չի հրատարակվել:

«Բացի դրամական մրցանակից, մրցույթի հաղթողը կհրավիրվի Գերմանիա, նրա պիեսը կթարգմանվի գերմաներեն պրոֆեսիոնալ թարգմանչի կողմից և կբեմադրվի Նյուրնբերգի թատրոնում», - ասաց Պապկեն:

Նա նշեց, որ ժյուրին աշխատանքները գնահատելու է անանուն կերպով, իսկ մրցույթին կարող են մասնակցել ինչպես թատերագիրներ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ գրողներ, այդ պատճառով բոլորը հաղթանակի մեծ շանսեր ունեն:

ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը հայտարարեց, որ դեսպանատունն ամենասկզբից աջակցել է այս նախագծին, որը հասցեագրված է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:

«Նախագիծը կոչված է մոտեցնել Գերմանիայի և Հայաստանի հասարակությունները: Առավել ևս, որ հայերը շատ բան ունեն ասելու ինչպես արտաքին, այնպես էլ ներքին սահմանների մասին: Այդ պատճառով մենք անհամբեր սպասում ենք մրցույթի արդյունքներին», - ասաց Լիխտենբերգերը:

«Հայֆեստ» միջազգային թատերական մրցույթի նախագահ Արթուր Ղուկասյանը վստահություն հայտնեց, որ սա կլինի հաջող և օբյեկտիվ մրցույթ, ինչի երաշխիքն է այն, որ գերմանական թատրոնն աշխարհի կայացած թատրոններից է համարվում:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են սեպտեմբերի 9-ից մինչև 2015 թ.-ի մարտի 1-ը: Հայտերի ձևակերպման և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է անցնել հետևյալ հղմամբ www.talkingaboutborders.eu: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2015 թ.-ի ապրիլի վերջին:-0-