ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ երաժիշտ Credit Suisse–ի վարկածով, հայտնում է musicofarmenia.com կայքը։
Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է հունվարի 18-ին Վիեննայում, ժյուրիի կազմը գլխավորել է Լյուցերնի փառատոնի (Lucerne Festival) գործադիր և գեղարվեստական ղեկավար Միխայիլ Հեֆլիգերը (Michael Haefliger)։
Հայ ջութակահարը կստանա նաև 75,000 շվեյցարական ֆրանկ՝ որպես պարգևավճար երաժշտական ոլորտում ներդրած իր ավանդի համար: Պարգևը ենթադրում է նաև համերգ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Գուստավո Դուդամելի (Gustavo Dudamel) գլխավորությամբ։ Համերգը կանցնի այս տարվա սեպտեմբերին Լյուցերնի փառատոնի շրջանակում։
Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում, երաժիշտների ընտանիքում։ Ջութակով սկսել է զբաղվել Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում` պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում։ Հետագայում սովորել է Վյուրցբուրգում Գրիգորի Ժիսլինի մոտ, այնուհետև` Կառլսրուեի երաժշտական դպրոցում Իոսիֆ Ռիսինի մոտ։ 1993 թվականից ապրում է Գերմանիայում։
2000 թվականին նվաճել է Հելսինկիում Յան Սիբելիուսի անվան 8–րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը` դառնալով ամենաերիտասարդ դափնեկիրը մրցույթի ողջ պատմության ընթացքում։ 2005 թվականին նրան շնորհվել է Եղիսաբեթ Թագուհու մրցույթի առաջին մրցանակը Բրյուսելում։
Խաչատրյանը ելույթ է ունեցել Բրյուսելի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Կոնցերտգեբաու նվագախմբի, Ֆրանսիայի ազգային նվագախմբի, Փարիզի նվագախմբի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Ֆիլհարմոնիա» նվագախմբի, Ճապոնիայի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ցյուրիխի Տոնխալե նվագախմբի հետ։
Սերգեյ Խաչատրյանը նվագում է Գվարնեիի` 1740 թվականի «Իզաի» ջութակը, որը տրամադրել է Nippon ճապոնական երաժշտական հիմնադրամի կողմից։ -0-