«Ոսկե ծիրան կինոփառատոնը անիվների վրա»՝ Ղարաբաղում

22.11.2011, 13:19
«Ոսկե ծիրան կինոփառատոնը անիվների վրա»՝ Ղարաբաղում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  «Ոսկե ծիրան կինոփառատոնը անիվների վրա» անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նոյեմբերի 19-21-ը, հայտնում է Ստեփանակերտում «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Կինոփառատոնի շրջանակներում երեք օրերի ընթացքում Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության տանը և Շուշիի «Նարեկացի» Արվեստի կենտրոնում ցուցադրվել են հայ և օտարերկրյա ռեժիսորների ութ խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր՝ ֆրանսիահայ ռեժիսոր և սցենարիստ Լևոն Մինասյանի «Դաշնամուրը», Սերժ Ավետիքյանի «Շների կղզին», Էդուարդ Թադևոսյանի «Քարերը», «Բրեստի ամրոցը», Կիլիկիայի, Վանա կղզու եկեղեցու մասին պատմող վավերագրական ֆիլմեր, այլ ժապավեններ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչ Հարություն Հարությունյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղից հետո նախատեսվում է Երևանի նոր փառատոնի անցկացման նախապատրաստական աշխատանքներ սկսել: 
«Մենք եղանք Հայաստանի բազմաթիվ քաղաքներում և շրջաններում: Հավանաբար, Ամանորից հետո կվերսկսենք մեր ուղևորությունները, բայց «Ոսկե ծիրանի» ղեկավարությունը, հիմնականում, կսկսի նախապատրաստվել Երևանի իններորդ կինոփառատոնին»,- ասաց Հարությունյանը:

«Ոսկե ծիրան կինոփառատոնը անիվների վրա» անցկացվում է Լեռնային Ղարաբաղում 2007 թվականից ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության օժանդակությամբ: -0-