ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոլիվուդյան դերասանուհի Նաթալի Պորտմանը (Natalie Portman) նշանվել է ֆրանսիացի պարող և պարուսույց Բենժամեն Միլպյեի (Benjamin Millepied) հետ և երեխայի է սպասում։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, երկուշաբթի հայտնում է People ամսագիրը՝ հղում անելով հենց Պորտմանին։
Զույգը ծանոթացել է նախորդ տարի Դարեն Արոնոֆսկու «Սև կարապ» (Black Swan) ֆիլմի նկարահանումների ընթացքում, որտեղ Պորտմանը մարմնավորել է բալետի պարուհու կերպարը, իսկ Միլպյեն բեմադրել է պարերը։ Այդ դերի համար Պորտմանն առաջադրվել է Ոսկե Գլոբուս մրցանակի և Կինոդերասանների գիլդիայի մրցանակի։ 1977 թվականին Բորդոյում ծնված և 1995 թվականին Նյու Յորք տեղափոխված Միլպյեն համարվում է Նյու Յորքի բալետի խմբի (New York City Ballet) գլխավոր աստղը։ Նա խմբում է արդեն 15 տարի։
Քսանիննամյա Նաթալի Պորտմանը (Նատալի Հերշլագ՝ «Լեոն», «Մերձեցում», «Վ-նշանակում է վենդետտա», «Գնացք դեպի Դարջիլինգ», «Գոյայի ուրվականները», «Եվս մեկը Բոլեյն տոհմից») ավելի վաղ ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել դերասաններ Գաել Գարսիա Բեռնալի և Ջեյք Գիլենհոլի, այնուհետև՝ ֆոլք երգիչ Դևենդրա Բանհարթի հետ։ -0-