Կարեն Շահնազարովն արժանացել է Փարիզում անցկացվող «Վեսնա» ռուսական կինոյի փառատոնի գլխավոր մրցանակին
Փարիզում անցկացվող «Վեսնա» ռուսական կինոյի երրորդ փառատոնի կազմակերպիչները համաշխարհային կինոմատոգրաֆում կատարած ներդրման համար մրցանակը շնորհել են Կարեն Շահնազարովին, ով այս տարի հրաժարվել էր մասնակցել մրցութային ծրագրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։
«Վեսնա» փառատոնը երրորդ տարին անընդմեջ անց է կացվել Ելիսեյան դաշտերի մերձակայքում գտնվող «Լինքոլն» կինոթատրոնում։ Մեկ շաբաթվա ընթացքում հանդիսատեսը դիտել է ավելի քան 30 ռուսական ֆիլմ, այդ թվում նաև Կարեն Շահնազարյանի «Անհետացած կայսրություն», Նիկիտա Միխալկովի «12» և Միխայիլ Կալատոզիշվիլու «Վայրի դաշտ» ֆիլմերը։
Փառատոնը հատուկ ծրագիր էր պատրաստել դյագիլևյան «Բալետային սեզոնների» 100-ամյակի կապակցությամբ, որոնք Փարիզում հայտնի դարձրեցին ռուսական արվեստը։ Կազմակերպիչները Փարիզում առաջին անգամ ներկայացրել են նաև Կարեն Շահնազարովի ֆիլմերի ընտրաշարը։
Սակայն այս տարի կինոթատրոնի ղեկավարության պահանջով փառատոնի կանոնները փոխվել էին. ժյուրին չէր ընտրում հաղթողին թեկնածուների թվից։ Շահնազարովն արժանացել է մրցանակի ոչ թե «Անհետացած կայսրություն» ֆիլմի համար, այլ ռուսական և համաշխարհային կինեմատոգրաֆում կատարած ներդրման համար, իսկ «Վայրի դաշտ» ֆիլմի կոմպոզիտոր Ալեքսեյ Այգին դիպլոմի է արժանացել կինեմատոգրաֆում կատարած գեղարվեստական ներդրման համար։
Բացի այդ, փառատոնի նախագահ, Les films d'Audace ընկերության ղեկավար, պրոդյուսեր և ռեժիսոր Միրեյ Անտուանի խոսքերով, փառատոնի հանրաճանաչությունը տուժում է նոր ֆիլմերի ոչ մեծ քանակության պատճառով։ Փառատոնին անհրաժեշտ են ֆիլմեր ֆրանսերեն ենթագրերով, որոնք Փարիզում գտնելն այդքան էլ հեշտ չէ։ Մասնավորապես, ֆրանսիական Kinovista կինովարձույթ-ընկերությունը փառատոնին էր տրամադրել Միխալկովի «12» ֆիլմի օրինակը անգլերեն, այլ ոչ թե ֆրանսերեն ենթագրով։
«Հյուրերի թիվն այնքան էր, որքան նախորդ տարի։ Կցանկանայի, որ նրանց թիվն ավելի շատ լիներ, սակայն դրա համար անհրաժեշտ է Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությունը, անհրաժեշտ է, որպեսզի մեզ տրամադրեն նոր ֆիլմերի օրինակներ ֆրանսերեն ենթագրերով», - ասել է Անտուանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ «Վեսնայի» հաջողության վրա ազդել են նաև տնտեսական ճգնաժամն ու ազգային գործադուլը, որը փառատոնի երկրորդ օրը խանգարել է շատերին հասնել կինոթատրոն։
Փառատոնը հետաքրքրություն է առաջացնում մեծամասամբ ռուս հանդիսատեսի շրջանում, սակայն, Անտուանի խոսքերով, այցելում են «ռուսալեզու շատ ուսանողներ, այսինքն ֆրանսիացիներ, ովքեր ռուսերեն են ուսումնասիրում»։ «Կան այնպիսի այցելուներ, ովքեր գալիս են Փարիզ՝ ռուսական ֆիլմեր դիտելու, քանի որ դրանք չեն ցուցադրվում, օրինակ, Ռուանում», - ասել է նա։
Այնուամենայնիվ տնօրենը նախապատվությունը տալիս է ռուս հանդիսատեսին։ «Ֆրանսիացի հանդիսատեսը երբեմն տաղտկալի է, նրանք միշտ մռթմռթում են, միշտ որևէ բան նրանց դուր չի գալիս։ Այն դեպքում, երբ ռուս հանդիսատեսը շատ լավն է», - ասել է Անտուանը։-0-