Հայ երգչուհի Սիրուշոն դուրս է եկել «Եվրոտեսիլ-2008»-ի եզրափակիչ

21.05.2008, 11:57
Հայ երգչուհի Սիրուշոն դուրս է եկել «Եվրոտեսիլ-2008»-ի եզրափակիչ
Հայ երգչուհի Սիրուշոն դուրս է եկել «Եվրոտեսիլ-2008»-ի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ երգչուհի Սիրուշոն դուրս է եկել «Եվրոտեսիլ-2008» միջազգային երգի մրցույթի եզրափակիչ՝ նախօրեին Սերբիայում կայացած կիսաեզրափակչի արդյունքներով։

Սիրուշոն երգել է «Qele-Qele» երգը՝ անգլերեն լեզվով, որի երաժշտության հեղինակը Արթուր Տեր-Հովակիմյանն է, իսկ տեքստը գրել է հենց երգչուհին։

Երեք պարողների մասնակցությամբ շոու-բեմադրության հեղինակը «Ստրիտ-ջազ» ռուսական բալետի խմբի պարուսույց Սերգեյ Մանդրիկն է։

Սերբիայի բուքմեյքերների կարծիքով, Սիրուշոն մրցույթի ֆավորիտներից է, նրա հաղթանակի համար խաղադրույքներն ընդունվում են 6.0 գործակցով։ Մրցույթի ֆավորիտներից է նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Դիմա Բիլանը, որն արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Եվրոտեսիլին», նրա գործակիցը 3,2-է։

Բիլանի և Սիրուշոյի հետ միասին «Եվրոտեսիլի» եզրափակչում ելույթ կունենան ևս ութ երգիչներ՝ հույն երգչուհի Կալոմիրան, ռումինական դուետ՝ Նիկո և Վլադան, երգիչ Լական և նրա քույր Միրելլան՝ Բոսնիա և Հերցոգովինայից, ֆիննական ռոք խումբ Terasbetoni-ն, իսրայելցի երգիչ Boaz-ը, ադրբեջանական դուետ՝ Էլնարն ու Սամիրը, լեհ երգչուհի Այսիս Ջին և նորվեգ երգչուհի Մարիան։

Եզրափակչում ելույթ ունենալու իրավունքի համար առաջին կիսաեզրափակչում ապարդյուն պայքարել են Մոնտենեգրոն, Իռլանդիան, Էստոնիան, Հոլանդիան, Մոլդովան, Սլովենիան, Անդորան, Բելգիան և Սան-Մարինոն։

Հինգշաբթի կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում կպայքարեն Խորվաթիան, Դանիան, Բուլղարիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Մակեդոնիան, Իսլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Բելառուսը, Հունգարիան, Ալբանիան, Շվեդիան, Թուրքիան, Լիտվան, Չեխիան, Մալթան և Ուկրաինան։

«Եվրոտեսիլ-2008» եզրափակչում առանց նախնական ընտրության կմասնակցեն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան և մրցույթը հյուրընկալող երկիր Սերբիան։

Այդ երկրների առավելությունն այն է, որ վերջիններս՝ բացառությամբ Սերբիայի,  ԵՀՄ-ի (Եվրոպայի հեռարձակողների միություն, որը կազմակերպում է մրցույթը) մեծ քառյակի անդամ են։

Շաբաթ երեկոյան կայանալիք մրցույթի եզրափակչի ժամանակ հանդիսատեսը 20 մասնակցից կընտրի հաղթողին։

«Եվրոտեսիլը» աշխարհում առավել հայտնի հեռուստատեսային շոուներից է, որն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ սկսած 1956 թ.-ից։ Այս տարի Սերբիան առաջին անգամ է հյուրընկալում «Եվրոտեսիլը»՝ ստանալով այդ իրավունքը անցած տարվա արդյունքներով, երբ Ֆինլանդիայում անցկացվող մրցույթի ժամանակ հաղթանակին արժանացավ սերբ երգչուհի Մարիա Շերիֆովիչը։

Առաջին անգամ Հայաստանը մասնակցել է Եվրոտեսիլին՝ 2006 թ.-ի մայիսին։ Հայտնի էստրադային երգիչ Անդրեն, Աթենքում կատարելով «Without Your Love» երգը, անցավ եզրափակչի տասնյակ։ Հաջորդ տարի Հայկոն «Any Time You Need» երգով Հելսինկիում կրկնեց իր հայրենակցի հաջողությունը։-0-