Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»–ում (ՎՒԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»–ում։
Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը, Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:
Նա մեծացել է երգիչների ընտանիքում և երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից:
««Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը Լեոյի մեծ երազանքն է եղել. «Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու երաժշտության աշխարհը. և հենց երգով միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելն ինձ համար հաճելի է, միևնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես հավատում եմ իմ երազանքներին. վստահ եմ՝ եթե բոլորս մարդ ենք ծնվել, ուրեմն հավասար ուժեր ունենք նվաճելու աշխարհը: Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Այս մասին գրառում է կատարել նաև Հռիփսիմե Հակոբյանը։
«Մենք անչափ երջանիկ ենք,բայց միևնույն ժամանակ հուզված։ Բոլորիդ աղոթքները մեզ հետ։ Հայաստանի Հանրապետությունը Մանկական Եվրատեսիլ 2024 -ում այս տարի կներկայացնի Լեոն», – գրել է երգչուհին Instagram–ի իր էջում։
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:
Հայաստանյան մրցույթի փորձագիտական խմբում էին երգչուհի Իվետա Մուկուչյանը, երաժիշտ, շոումեն Գարիկ Պապոյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, ինչպես նաև
Մանկական Եվրատեսիլ 2021 և 2023-ի գործադիր պրոդյուսեր, FRANCE TV-ի ժամանցային նախագծերի ղեկավար Ալեքսանդրա Ռեդը, Անգլիայում անցկացված Եվրատեսիլ 2023-ի գործադիր պրոդյուսեր, BBC-ի պրոդյուսեր Լի Սմիթարսթը, Մանկական Եվրատեսիլ 2019 և 2020-ի գործադիր պրոդյուսեր Մարթա Պիկարսկան և Պորտուգալիայում անցկացված Եվրատեսիլ 2018-ի գործադիր պրոդյուսեր, պորտուգալական «Festival de Canção» երաժշտական փառատոնի պրոդյուսեր Կարլա Բուգալոն:

