ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և սփյուռքահայության ջանքերի շնորհիվ Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը, որի պրեմիերան նախատեսվում էր Թուրքիայի Հանրապետության 100-ամյա տարելիցի օրը՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին։
Այդ մասին հայտնում է
Akunq․net-ը՝ հիմնվելով թուրքական մամուլում հրապարակված լուրերի վրա։
Աղբյուրի համաձայն՝ այդ մասին մասնավորապես հաղորդել է թուրքական ազգայնամոլական պարբերականներից մեկի՝ «Յենի Չաղ»-ի հոդվածագիրներից Ֆաթիհ Էրգինը։ Վերջինս Twitter-ի իր էջում գրել է, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական սփյուռքի ջանքերի հետևանքով հիշյալ սերիալի ցուցադրությունը կարող է արգելվել անգամ Թուրքիայում։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը սերիալի ցուցադրությունը չեղարկելու վերաբերյալ իր
կոչում Disney-ին հիշեցնում էր Աթաթուրքի մարդասպան ու բռնապետ լինելու մասին․ «Մենք կոչ ենք անում @DisneyPlus-ին չեղարկել սերիալը, որը փառաբանում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին՝ թուրք բռնապետին ու մարդասպանին, ով իր ձեռքերի վրա կրում է միլիոնավոր հույների, հայերի, ասորիների, քաղդեացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյա նահատակների արյունը», – թվիթերում գրել էր ANCA-ն։–0–