ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Դրվագներ ինքնության.Տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացված են հայկական տարազի բազմազան նմուշներ։ Միջոցառման հովանավորը Կոնվերս Բանկն է։
Ցուցահանդեսին ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային համալիրներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ներկայացվում։

Ցուցադրությունում փորձ է արվում վերանայել հայկական տարազի գաղափարային կողմերը` դիտարկելով դրանք մշակութաբանական և քաղաքական դիրքերից։ Այսպես, ցուցահանդեսին ներկայացված են տարազներ Կիլիկիայից, Երևանից, Շուշիից, Մուշից, Շատախից, Կոստանդնուպոլսից, Ախալցխայից և այլն։ Ցուցահանդեսի ամենահին ցուցանմուշը Կիլիկիայի տարազն է, որը թվագրվում է 1465թ.–ին։

Հարուստ ցուցադրությունը ներառում է ինչպես կանացի, այնպես էլ տղամարդկանց և մանկական տարազներ։
«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ տարազը պատրաստելու համար օգտագործվում են ամենատարբեր կտորներ` բամբակ, մետաքս, բուրդ, քաթան, բատիստ, վելվետ` արծաթե, ոսկե և մետաքսե թելերի օգտագործմամբ։

«Որքան բազմազան է մեր լանդշաֆտը, այնքան դա դրսևորվել է տարազի նյութում։ Այնտեղ, որտեղ ցուրտ էր, կարում էին ավելի խիտ տարազներ բրդից, իսկ որտեղ տաք էր, բուրդ արդեն չէր օգտագործվում։ Նյութերին նայելիս կարելի է տեսնել ողջ բազմազանությունը», – ասաց նա։
Պողոսյանը նշեց, որ թանգարանի ծավալուն հավաքածուն ընդգրկում է մոտ 400 հազար ցուցանմուշ։

«Տարբեր ծրագրերի շրջանակում առցանց աշխատանքի ընթացքում մենք հասկացանք, որ մարդկանց հետաքրքրում է ավանդական հագուստը, տարազը, այն արխիվային լուսանկարները, որոնք կապված են ազգային ինքնության և կերպարի հետ։ Դրանք որոշ իմաստով դարձել են խորհրդանիշեր։ Այդ պատճառով մենք ընտրեցինք հենց ավանդական տարազների ցուցահանդեսը` որպես մեր ինքնության տարրերից մեկը։ Եվ որոշեցինք հնարավորինս բազմակողմանի ներկայացնել այս հատվածը», – ասաց նա։

Պողոսյանը նշեց, որ որոշ ցուցանմուշներ առաջին անգամ են ցուցադրվում։ Որոշվել է ցուցահանդեսի այցելուներին ներկայացնել ամենօրյա և տոնական, ավանդական և եվրոպական մշակույթի ազդեցության տակ պատրաստված հագուստը։
Նրա խոսքով, մշտական հիմքով ցուցադրված է ավելի քան 140 տարազ, ևս 70–80 ցուցանմուշ մշտապես փոխվելու է։

Թանգարանի տնօրենը նշեց, որ առաջիկա ամիսներին ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար, նախատեսված են հատուկ առաջարկներ, կրթական ծրագրեր, ինտերակտիվ միջոցառումներ և այլն։
Տարազը հայկական ազգային կոստյում է, որն ունի բազմադարյան պատմություն։ Գունային գամմայում գերիշխում են կարմիրը, կապույտը, կանաչը, ծիրանագույնն ու դեղինը։ Տարազներն արտացոլում են սոցիալական, ծեսային, սեռային, տարիքային և անգամ պրոֆեսիոնալ տարբերությունները, կոստյումով հնարավոր էր որոշել մարդու պատկանելիությունը այս կամ այն դասին։–0–