Ռուսական երկու հեռուստաալիքները հեռարձակում են ՀՀ քաղաքացիներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ պարունակող հաղորդումներ․ ՀՌՀ

04.07.2025, 20:39
«ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստաալիքները հեռարձակում են հաղորդումներ, որոնք պարունակում են ՀՀ քաղաքացիներին հասցեագրված  վիրավորական արտահայտություններ ու խեղաթյուրված գնահատականներ
Ռուսական երկու հեռուստաալիքները հեռարձակում են ՀՀ քաղաքացիներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ պարունակող հաղորդումներ․ ՀՌՀ

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարել է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստաալիքները բազմիցս հեռարձակել են հաղորդումներ, որոնք պարունակել են Հայաստանի պետական ինստիտուտներին և քաղաքացիներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ ու խեղաթյուրված գնահատականներ, փաստերը փոխարինել են հուզական ու ագրեսիվ բնորոշումներով: 

Դրանով խախտվել է 2020 թ. դեկտեմբերին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը և

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը շարունակաբար արձանագրել է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի մի շարք հաղորդումներ պարբերաբար խախտել և խախտում են թե՛ Համաձայնագրի դրույթները, թե՛ ՀՀ օրենսդրությունը, նաև ակնհայտ հակասություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների հետ, նշվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պարբերաբար և հետևողականորեն դիմել է ՀՀ Կառավարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ներկայացնելով արձանագրված խախտումները։ Առաջարկել ենք համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ուղղված օտարերկրյա հեռարձակողների նկատմամբ կարգավորող մարմնի վերահսկողական լիազորությունները լիարժեք իրականացնելուն, ինչպես նաև կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Ազգային Ժողով ներկայացվող ՀՌՀ տարեկան հաղորդումներում նույնպես բարձրաձայնել ենք այս խնդիրը: Կառուցողական երկխոսության միջոցով փորձել ենք լուծել հակասությունները ՌԴ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում», – նշել են հանձնաժողովից։

Ինչպես նշում են գերատեսչությունից, ՌԴ այդ երկու հեռուստաալիքները շարունակում են ներառել իրենց հաղորդումներում ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքի ու ատելության համար։

Հանձնաժողովը վերահաստատում է իր դիրքորոշումը․ հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից։ Մեր առաջնային պարտականությունն է պաշտպանել հանրային շահը, ազգային արժանապատվությունը և ՀՀ քաղաքացիների՝ հավասարակշռված ու արժանահավատ աղբյուրներից տեղեկատվություն ստանալու իրավունքը։