Ինչպես ընտրել «Եվրատեսիլ 2016»–ի լավագույն երգը

10.05.2016, 21:17
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի քվեարկության կանոնները։
Ինչպես ընտրել «Եվրատեսիլ 2016»–ի լավագույն երգը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի քվեարկության կանոնները։

«Եվրատեսիլ» համաեվրոպական մրցույթի ընթացքում նախընտրած երգի օգտին կարելի է քվեարկել` ուղարկելով մասնակից երկրի համարը պարունակող SMS 5002 կարճ համարին կամ զանգահարելով 0900990` վերջում նշելով մասնակից երկրի համարը։

Արգելվում է քվեարկել սեփական երկրի օգտին: Հեռուստադիտողները կարող են մասնակցել քվեարկությանը միայն այն կիսաեզրափակիչում, որտեղ ներկայացված է իրենց երկիրը:

Քվեարկության ժամանակահատվածից դուրս ուղարկված քվեները կհամարվեն անվավեր և չեն հաշվարկվի:

Միևնույն հեռախոսահամարից 5002 կարճ համարին թույլատրվում է ուղարկել առավելագույնը 20 SMS: Միևնույն հեռախոսահամարից 0900990 համարին զանգահարելով կարելի է քվեարկել առավելագույնը 20 անգամ:

Սխալ ձևաչափով տրված քվեները կհամարվեն անվավեր և չեն հաշվարկվի: SMS-ի արժեքը գանձվում է անկախ քվեի վավեր կամ անվավեր համարվելուց:

 - рис.1

Ռոումինգում գտնվող բաժանորդները չեն կարող մասնակցել քվեարկությանը:

5002 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև 0900990 հեռախոսահամարին կատարված մեկ զանգի արժեքն է 280 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Իվետա Մուկուչյանը LoveWave երգով հանդես կգա մայիսի 10–ին նախատեսված առաջին կիսաեզրափակչում և եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչների հետ:

Նախօրեին Իվետա Մուկուչյանն անցկացրել է վերջին` գլխավոր փորձը։


Մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Բելառուսի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսրայելի, Սերբիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելգիայի ներկայացուցիչները:

«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։-0-