Անակնկալ ելույթ. «Մանկական Եվրատեսիլ 2018»–ի հայ մասնակիցը բեմում կլինի մենակ, բայց ոչ միայնակ (ՎԻԴԵՈ)

16.11.2018, 20:44
«Մանկական Եվրատեսիլ 2018» ազգային փուլի կազմակերպիչները ներկայացրել են հայ մասնակցի ելույթի մանրամասները։
Անակնկալ ելույթ. «Մանկական Եվրատեսիլ 2018»–ի հայ մասնակիցը բեմում կլինի մենակ, բայց ոչ միայնակ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ 2018» ազգային փուլի կազմակերպիչներն ուրբաթ ներկայացրել են հայ մասնակցի ելույթի մանրամասները։

L.E.V.O.N–ը, ով համանուն երգ է ներկայացրել, ճանաչվել է «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի հաղթող, որին մասնակցել է ավելի քան 20 երեխա։ L.E.V.O.N–ը կներկայացնի Հայաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլում»։

Ինչպես նշեց «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Անուշ Տեր–Ղուկասյանը, հայկական պատվիրակությունն արդեն վաղը կմեկնի Բելառուս։ Մրցույթը կանցկացվի նոյեմբերի 25–ին։

«Մենք շատ լավ ենք տրամադրված, մեզ բազմաթիվ փորձեր են սպասվում, հարկավոր է վերջնական մշակել բեմադրությունը», – ասաց Տեր–Ղուկասյանը։

L.E.V.O.N–ն` իր մասին

L.E.V.O.N–ը 12 տարեկան է, ծնվել և մեծացել է Արցախում, սակայն արդեն 4 տարի է բնակվում է Մոսկվայում։

«Շատ եմ սիրում երգել, երգում եմ 3 տարեկանից, երգով պրոֆեսիոնալ զբաղվում եմ 6 տարեկանից, նաև շատ եմ սիրում ֆուտբոլ և պարել», – նշել է Լևոնը։

Նրա խոսքով, Եվրատեսիլին մասնակցելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ տեսել է «Մանկական Եվրատեսիլ 2017»–ի մասնակցի` Միշայի տեսանյութը, որում նա կոչ է անում հայտեր ուղարկել։

«Հաշվի առնելով այն, որ նա մեր խմբից էր` Voices of Artsakh, որոշեցի մասնակցել։ Մրցույթին մասնակցել եմ ինձ համար, հաղթելու նպատակ չեմ դրել։ Պարզապես երգեցի և այնպես ստացվեց, որ հաղթեցի», – ասաց Լևոնը։ 


Քվեարկի′ր Հայաստան

Ինչպես նշեց «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, նախորդ տարվանից փոխվել է մրցույթի քվեարկության ձևաչափը։ Եթե ավելի վաղ կազմակերպվում էր SMS քվեարկություն, ապա հիմա քվեարկությունը տեղափոխվել է առցանց հարթակ։

«Քվեարկությունը մեկնարկում է մրցույթի պաշտոնական կայքում (junioreurovision.tv) նոյեմբերի 23–ին և կտևի մինչև մրցույթի մեկնարկը։ Յուրաքանչյուր մասնակցի ելույթից հետո կտրամադրվի 15 րոպե քվեարկության համար, որի ընթացքում հնարավոր կլինի կրկին քվեարկել», – նշեց Ծերունյանը։

Նա նաև նշեց, որ քվեարկության երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ ի տարբերություն նախորդ մրցույթների, հիմա կարելի է քվեարկել սեփական երկրի մասնակցի օգտին։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի բնակիչներն ակտիվորեն կքվեարկեն մեր երկրի մասնակցի` L.E.V.O.N–ի օգտին», – ասաց Ծերունյանն` ավելացնելով, որ ընդհանուր առմամբ հնարավոր կլինի քվեարկել 3–5 մասնակցի օգտին, իսկ ելույթից անմիջապես հետո կարելի է կրկին քվեարկել։

Նրա խոսքով, հաշվի առնելով նախորդ տարի քվեարկության հետ կապված խնդիրները` մրցույթի կազմակերպիչները վստահեցրել են, որ այս տարի խափանումներ չեն լինի։ Նախորդ տարի սերվերները չէին դիմացել քվեարկել ցանկացողների անսպասելի մեծ հոսքի պատճառով, միանգամից 300 հազար մարդ ցանկացել էր քվեարկել առցանց ռեժիմում։

Մենակ, բայց ոչ միայնակ

Դավիթ Ծերունյանը նաև մի փոքր խոսեց այն մասին, թե ինչ է սպասվում L.E.V.O.N–ի ելույթի ժամանակ, ինչ կոստյում է կրելու L.E.V.O.N–ը։

«L.E.V.O.N–ը կլինի նույն կերպարում, ինչպես ելույթ է ունեցել հայաստանյան մրցույթում, քանի որ միջազգային ժյուրին, որը քվեարկել էր նրա օգտին, նշել էր L.E.V.O.N–ի օրիգինալ կերպարը` կանաչ կոստյումն ու փողը», – ասաց նա։

Նրա խոսքով, հաշվի է առնվել նաև այն փաստը, որ այս տարի բեմը լինելու է տեխնիկապես հագեցած, լինելու են մեծ թվով լուսավորող սարքեր և LED էկրաններ, որոնք հայկական կողմը կփորձի մաքսիմալ օգտագործել։

Ծերունյանը նաև նշեց, որ Մինսկի փորձի առաջին կադրերը շուտով հնարավոր կլինի դիտել համացանցում։–0–