Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը հույս ունեն հաջող ելույթ ունենալ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

08.11.2016, 20:34
Պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը, ովքեր կներկայացնեն Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում, հուսով են, որ ժյուրին իրենց բարձր գնահատականներ կտա։
Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը հույս ունեն հաջող ելույթ ունենալ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը, ովքեր կներկայացնեն Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում, հուսով են, որ ժյուրին իրենց բարձր գնահատականներ կտա։

«Մեզ համար շատ կարևոր է պատվով ներկայացնել Հայաստանը և մեր հողը այդ հեղինակավոր մրցույթին», – ասել են նրանք երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

13–ամյա երգչուհիները խոստովանել են, որ միշտ երազել են մասնակցել «Եվրատեսիլին»։

 - рис.1
 
«Ես միշտ պատկերացնում էի ինձ այդ բեմում գեղեցիկ հագուստով։ Միշտ երազել եմ երգել այդ բեմում, երազել եմ, որ կքվեարկեն իմ օգտին։ Ճիշտ է այս տարի չկա հանդիսատեսի քվեարկություն, սակայն հուսով եմ, որ պրոֆեսիոնալները բարձր կգնահատեն մեր ելույթը», – նշեց Մերի Վարդանյանը։

Անահիտ Ադամյանն իր հերթին նշեց, որ ինքը ևս միշտ երազել է մասնակցել այդ մրցույթին և ուրախ է, որ իր երազանքը վերջապես իրականացել է։

Աղջիկները մրցույթին կներկայացնեն «Տարբեր» երգը, որի հեղինակներն են Նիկ Ենգիբարյանն ու Ավետ Բարսեղյանը։ Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ:

Երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 28–ին։

«Մանկական Եվրատեսիլն» այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:

Մրցույթին այս տարի կմասնակցի 17 երկիր՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:

Հայաստանը մասնակցում է «Մանկական Եվրատեսիլին» 2007 թ.–ից։ 2010 թ.–ին մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող արցախցի Վլադիմիր Արզումանյանը, ինչի արդյունքում 2011 թ.–ին մրցույթն անցկացվեց Հայաստանում։ –0–