«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19.04.2017, 18:09
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:

Ինչպես հաղորդում է հեռուստաընկերության մամուլի ծառայությունը, ֆիլմը հնարավոր կլինի դիտել հայ սիրված դերասանների ձայներով:

Կրկնօրինակմանը մասնակցել են Խորեն Լևոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը և այլք:

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան նախատեսված է ապրիլի 27-ին:

Ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:

Միքայել Բոգոսյանի դերը կրկնօրինակել է սիրված դերասան Սամվել Թոփալյանը, ում խոսքով ֆիլմում կա սեր, կա կյանք, կա ճակատագիր… ու այս ամենի հետ նաև մարդու դաժանություն, ազգի հանդեպ ատելություն: Զարուհի Հովհաննիսյանը կներկայացնի Աննայի կերպարը, որը դերասանուհու խոսքով զուսպ է, բայց զգացմունքային:

Հիշեցնենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել օրերս Լոս Անջելեսում:

Ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն առաջադրվել էր Օսկարի «Ռուանդա» ֆիլմի համար, գլխավոր դերերում են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը: Կինոյի երաժշտության հեղինակը աշխարհահռչակ «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն է:–0–