Սանդրա Բալոկը կնկարահանվի «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի «կանացի» տարբերակում

30.10.2015, 18:47
Ռեժիսոր Հերի Ռոսը, ով հայտնի է «Փլեզանթվիլ» և «Քաղցած խաղեր» ֆիլմերով, կնկարահանի «Օուշենի 11 ընկերները» քրեական կատակերգության նոր տարբերակը։
Սանդրա Բալոկը կնկարահանվի «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի «կանացի» տարբերակում

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռեժիսոր Հերի Ռոսը, ով հայտնի է «Փլեզանթվիլ» և «Քաղցած խաղեր» ֆիլմերով, կնկարահանի «Օուշենի 11 ընկերները» քրեական կատակերգության նոր տարբերակը։ Այս դեպքում խաղատների կողոպտիչների թիմը բաղկացած կլինի բացառապես կանանցից, իսկ գլխավոր հերոսուհու կերպարը կմարմնավորի Սանդրա Բալոկը։

Նախագծի գաղափարը ծագել է դեռ նախորդ տարի։ Դրանով զբաղվել են հանգուցյալ պրոդյուսեր Ջերի Ուայնթրաուբը, Դենի Օոուշենի և նրա ընկերների մասին պատմող ժամանակակից եռապատման ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը, ինչպես նաև եռապատման գլխավոր դերակատար Ջորջ Քլունին, հաղորդում է kinopoisk.ru–ն։

«Ձգողականություն» ֆիլմից հետո Քլունիի և Բալոկի համագործակցությունը շարունակվեց «Մեր բրենդը ճգնաժամն է» ֆիլմում, որտեղ Սանդրան խաղաց Ջորջի համար նախատեսված դերը։

Արդեն մի քանի ամիս սցենարի վրա աշխատում է Օլիվիա Միլչը, ով մեծ էկրանի համար ադապտացրել է «Թագուհին և երկիրը» կոմիքսը։

«Օուշենի 11 ընկերները» ֆիլմի բնօրինակը էկրաններ է բարձրացել 1960 թ.–ին։ Ֆիլմի ռեժիսորն է Լյուիս Մայլսթոունը, գլխավոր դերերում հանդես են եկել Ֆրենկ Սինատրան, Դին Մարտինը, Սեմի Դևիս կրտսերը, Փիթեր Լոուֆորդն ու Ջոյի Բիշոփը։

2000–ականների սկզբին Warner ստուդիան հայտարարեց ֆիլմի remake–ի թողարկման մասին, որի ռեժիսորը դարձավ Սթիվեն Սոդերբերգը։ Գլխավոր դերակատարներն էին Ջորջ Քլունին, Ջուլիա Ռոբերտսը և Բրեդ Փիթը։ Լայնուս Քոլդուելին մարմնավորեց Մեթ Դեյմոնը, սակայն այն սկզբնական շրջանում նախատեսված էր Ջոննի Դեփի և Մարկ Ուոլբերգի համար։ Քլունիի հերոսի ընկերների թեկնածուների թվում էին Մայկ Մայերսը, Բրյուս Ուիլլիսը, Յուեն ՄակԳրեգորն ու Ռեյֆ Ֆայնսը։ Ուիլսոն եղբայրներին պետք է մարմնավորեին ռեժիսորներ Իտան և Ջոել Քոենները

2014 թ.–ի աշնանից ֆիլմի «կանացի» տարբերակն ամբողջովին փոխվեց։ Միլչն ավարտել է սցենարի սևագիր տարբերակը, իսկ Սթիվեն Սոդերբերգը հանդես կգա որպես պրոդյուսեր։ Հնարավոր է, որ Ջորջ Քլունին հայտնվի ֆիլմի նոր տարբերակում Դեննի Օուշենի դրվագային դերում։

Սպասվում է, որ Հերի Ռոսը կսկսի ֆիլմի նկարահանումները «Ջոնս ազատ նահանգը» ռազմական դրամայի աշխատանքներն ավարտելուց հետո։ –0–