Երևանում ԱԺ-ի շենքի դիմաց 29-ամյա տղամարդը կարել է բերանը. նա տեղափոխվել է ոստիկանության բաժին

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 11-ին, ժամը 17:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացի կա. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
«Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացին (Միրան Մ., ծնված 1991 թ.) կարել է շրթունքների մի հատվածը. պատճառը ընտանեկան և սոցիալական խնդիրներն են»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Գերատեսչության հաղորդմամբ, տեղում հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության աշխատակիցներ, սակայն քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից:-0-