Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը

09.07.2026, 16:29
Լուրեր էին տարածվել, թե կոկորդիլոսներին տեղափոխելու ժամանակ նրանցից մեկը հոշոտել է փրկարարի ոտքը
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածված լուրերը, թե գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսներին Կենդանաբանական այգի տեղափոխելու ընթացքում տուժել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե կոկորդիլոսներին Կենդանաբանական այգի տեղափոխելու ընթացքում կոկորդիլոսներից մեկը հոշոտել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակցի ոտքը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից վստահեցրել են, որ այդ գործընթացում ՆԳՆ փրկարար ծառայության որևէ աշխատակից չի տուժել։

Երևանի քաղաքապետարանից «Արմենպրես»-ին հայտնել են, որ կոկորդիլոսների տեղափոխման ժամանակ դրանցից մեկը շարժվել է և կպել է Երևանի քաղաքապետարանի աշխատակցի հոնքին։ Աշխատակցին տեղափոխել են հիվանդանոց, թեթև քերծվածք է ունեցել, նա ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից։

«Հոշոտել, ուտել, կծել...իրականությանը չի համապատասխանում»,- նշել են Երևանի քաղաքապետարանից։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ «Արմենպրես»-ին հայտնել է, որ Քննչական կոմիտեն առգրավել և Երևանի Կենդանաբանական այգուն ի պահ է տվել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող 9 կոկորդիլոսի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն առգրավել և Կենդանաբանական այգուն ի պահ էր հանձնել 3 առյուծ և 4 վագր, առյուծներից մեկը քնեցումից հետո չէր արթնացել ու անկել էր։