Երեկ գայլի հարձակումից տուժած 72-ամյա տղամարդուն կրկին կվիրահատեն Երևանում

09.07.2026, 16:12
Սյունիքում գայլի հարձակումից տուժած տղամարդու դեմքն ամբողջությամբ վնասված է
Երեկ գայլի հարձակումից տուժած 72-ամյա տղամարդուն կրկին կվիրահատեն Երևանում

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում երեկ գայլի հարձակման հետևանքով ծանր վնասվածքներ ստացած 72-ամյա Սուրեն Ծատրյանը շուրջ 7 ժամ տևած վիրահատությունից հետո այսօր կտեղափոխվի Երևան՝ հետագա բուժումն ու հերթական վիրահատությունն անցնելու նպատակով։

Այս մասին հայտնում է Syunik News–ը։

Տուժածի դուստրը Syunik News -ի հետ զրույցում հայտնել է, որ հոր դեմքը ամբողջությամբ վնասված է, ինչի պատճառով անհրաժեշտ է իրականացնել պլաստիկ վերականգնողական վիրահատություն։

Հիշեցնենք, որ երեկ Քարահունջ գյուղում գայլի հարձակման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել մի քանի բնակիչներ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա։

Բարեբախտաբար, երեխայի վիճակը գնահատվում է լավ. անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց շուրջ երեք ժամ անց նա դուրս է գրվել հիվանդանոցից։