Չեմ կարող հայտարարել, որ անկլավ-էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավ-էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ոչ, մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք։ Ինչպիսին կլինեն լուծումները, դա արդեն քննարկման հարց է», – ասել է Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով, այդ հարցը տեղափոխվել է մի հարթություն, որ այդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում՝ արտաքին օգտագործմամբ, չկիրառվի։
«Հարցը կա, հարցը պետք է հասցեագրվի՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և այն քարտեզների, որոնք դրվում են սահմանազատման հիմքում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հայտարարել է, որ անհրաժեշտ է լուծել բոլոր կիսատ մնացած հարցերը։
«Մենք նույնպես այդ թեմայով, մեղմ ասած, շահագրգռություն ունենք, որովհետև Արծվաշեն գյուղը էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո և Հայաստանի ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սկզբունքների», – ընդգծել է Փաշինյանը։

