Տավուշում անչափահասին ծեծի ենթարկած դեռահասների կալանքի երկարաձգման միջնորդությունը մերժվել է․ ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 27-ի երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։
Ինչպես հայտնում է «Առաջին լրատվականը», օգտատերը նաև գրել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի երիտասարդ:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Դեպքի մասնակիցներից մեկի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել մեկամսյա կալանքը, 3-ի նկատմամբ կիրառվել է կալանք՝ 20-օրյա ժամկետով, մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Խափանման միջոցները լրանալու ժամանակ Քննչական կոմիտեն երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը մերժվել է: Միայն մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ բացակայելու արգելք»,- հայտնել են Քննչական կոմիտեից:
Նշենք, որ դեպքը նոր չէ, տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում՝ բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերին արձագանքման և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում:
«Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլտրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին», – նշվում է հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, իսկ պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս։
Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն։
Պաշտպանը կարևորում է նաև պետական մարմինների, հատկապես իրավապահ համակարգի, խնամակալության և հոգաբարձության մարմինների ակտիվ, համակարգված և անհապաղ գործողությունների իրականացումը։ Վերոնշյալ մարմինները պարտավոր են ոչ միայն համակողմանի գնահատել տեղի ունեցածը, այլ նաև ապահովել՝ տուժած ուսանողի անվտանգությունը, անհրաժեշտ բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցությունը, ինչպես նաև համայնքում և ուսումնական հաստատություններում բռնությունը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:
Պաշտպանն ընդգծում է, որ կրթական հաստատություններում բռնության հայտնաբերման, կանխարգելման և պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։
Այս իմաստով անհրաժեշտ է անհապաղ՝ երեխաների հետ աշխատող և երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման, բացահայտման և արձագանքման պարտավորություն ունեցող բոլոր մասնագետների համար պարտադիր դասընթացներ և պարբերական վերապատրաստումներ անցկացնել, ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ թեմաներ ներառել, երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման, դրանց կանխարգելման և արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքների հստակ մեթոդաբանության, գործիքակազմերի և ուղեցույցների պարտադիր կիրառությունն ապահովել, ինչպես նաև ուսումնական հաստատությունների և պետական մարմինների աշխատողների կողմից երեխայի նկատմամբ որևէ տեսակի բռնություն կիրառելու դեպքերի հաղորդման և արձագանքման համար հստակ կառուցակարգեր ներդնել՝ ապահովելով գաղտնիությունն ու բացառելով երեխայի թիրախավորումը:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է անում անհապաղ հեռացնել և չտարածել բռնության տեսարաններով տեսանյութը՝ ելնելով երեխայի լավագույն շահի ապահովման և «Մի՛ վնասիր» սկզբունքներից։
Պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու պաշտպանել երեխայի իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել անվտանգ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը։

