Պրոխորովը ՌԴ նախագահական ընտրություններին հույս ունի հավաքել ընտրողների ձայների 15-20 տոկոսը
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում հույս ունի հավաքել ընտրողների ձայների 15-20 տոկոսը և Վլադիմիր Պուտինի հետ միասին անցնել երկրորդ փուլ:
«Հիմնական խնդիրը երկրորդ փուլ անցնելն է, որոշ իմաստով դառնալ գլխավոր Հակապուտինը: Ես այժմ աշխատում եմ այդ ուղղությամբ», - ուրբաթ Նովոսիբիրսկում կայացած բիզնես-հանրության հետ հանդիպման ժամանակ ասել է Պրոխորովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա կարծիքով՝ դա բարդ, սակայն իրականանալի խնդիր է:
«Կարծում եմ, որ առաջին փուլում իրատեսական է հավաքել 15-20 տոկոս: Գլխավորը նրա հետ (Պուտինի) երկրորդ փուլ անցնելն է: Այժմ ամեն ինչ կախված է մեզանից», - ասել է թեկնածուն:
Պրոխորովը կարծում է, որ մարտի 4-ին կայանալիք ընտրություններից հետո երկրորդ փուլը լիովին հավանական է: Միլիարդատերը չի հավատում հարցումներին, որոնք կանխատեսում են, որ ամեն ինչ կորոշվի առաջին փուլում:
«Նրանք հատուկ ենք մեզ բոլորիս զոմբիավորում, թե ամեն ինչ կորոշվի առաջին փուլում: Մենք ունենք մեր սոցիոլոգիական ծառայությունը, և եթե հիմա ընտրություններ լինեն, ապա մեր կարծիքով՝ մեզ երկրորդ փուլ է սպասվում», - ասել է նա:
Պրոխորովը կարծում է, որ գլխավոր խնդիրը մարտի 4-ին արդար ընտրությունների անցկացումն է, որոնց, նրա խոսքերով, կարելի է հասնել՝ բոլոր ընտրատեղամասերում ապահովելով դիտորդների ներկայություն:
«Այդ ամենի համար մեզ կամավորներ են հարկավոր: Այդ աշխատանքը մենք անպայման կկատարենք և արդեն կամավորների բազայի հիման վրա կստեղծենք նոր քաղաքական կուսակցություն», - ասել է թեկնածուն:-0-