Կրասնոդարցին կասկածվում է ազգային հողի վրա հայ դեռահասին սպանելու փորձի մեջ

29.08.2011, 15:42
Կրասնոդարցին կասկածվում է ազգային հողի վրա հայ դեռահասին սպանելու փորձի մեջ

Քննիչները քրեական գործ են հարուցել Կրասնոդարի բնակչի նկատմամբ, ով նախորդ տարվա դեկտեմբերին ազգային ատելության հողի վրա իբր 13 անգամ դանակահարել է հայազգի դեռահասի, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել երկրամասի Քննչական կոմիտեի քննչական վարչությունը:

Քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ այլազգի ներկայացուցիչների նկատմամբ ատելությունը երիտասարդի մոտ ի հայտ է եկել 2010 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ֆուտբոլասեր Եգոր Սվիրիդովի սպանությունից հետո:

Քննությունը կարծում է, որ այդ աղմկոտ հանցագործությունից հետո 18-ամյա կրասնոդարցի Ալեքսանդր Պոտյոմինն առաջարկել է ծանոթներին «հարձակում կատարել ոչ սլավոնական արտաքինով մարդկանց վրա ծեծի ենթարկելու նպատակով»: Այժմ, բացի Պոտյոմինից, արդեն բացահայտվել են այդ հարձակման մասնակիցներից ևս երեքը:

Քննիչները պարզել են, որ 2010 թվականի դեկտեմբերի 13-ին մի խումբ երիտասարդներ մահակներով հարձակվել են երկու 16-ամյա անցորդների վրա, «որոնցից մեկը հայ է եղել»: «Երբ տուժածներից մեկը բղավել է, որ ինքը ռուս է, հարձակվողները դադարել են նրան ծեծել, բայց շարունակել են հարվածներ հասցնել նրա ուղեկցի մարմնին և գլխին»,- ասվում է հաղորդագրությունում:

Քննության վարկածով՝ ծեծի ընթացքում հարձակվողներին է միացել Պոտյոմինը, ով 13 անգամ դանակահարել է դեռահասի մեջքը: Բժիշկների օգնության շնորհիվ տուժածը ողջ է մնացել:

Նախապես դեռահասի վրա հարձակման փաստով քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի 3-րդ մասով (առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելը, առավելագույն պատժամիջոց՝ 12 տարվա ազատազրկում): Սակայն նախորդ ուրբաթ ՔԿ աշխատակիցները Պոտյոմինի նկատմամբ հարուցել են քրեական գործ ՌԴ ՔՕ ևս երեք հոդվածներով՝ մահափորձ ազգային ատելության մոտիվներով և ազգային ատելության բորբոքում բռնության կիրառմամբ: Այս հանցագործությունների առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է:

Ներկայում, ՔԿՔՎ տվյալներով, Պոտյոմինը բուժում է անցնում հոգեբուժական հաստատությունում:

«Քննությունը դիտարկում է քրեական գործը խմբի մյուս մասնակիցների կողմից խուլիգանության կատարման մասով ոստիկանության քննչական մարմիններին փոխանցելու հարցը»,- ասվում է հաղորդագրությունում: -0-