Պետերբուրգում կբացվի Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 55-րդ նիստը, հաղորդում է ԱՊՀ գործադիր կոմիտեն։
Ակնկալվում է, որ Խորհրդի աշխատանքներին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները։
Նիստի մասնակիցները ծրագրում են քննարկել ԱՊՀ մասնակից-պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող շուրջ 20 հարցեր։
Նիստի ընթացքում ԱՊՀ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հատուկ ուշադրության կարժանացնեն ԱՊՀ մասնակից-պետությունների Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի (ԱՊՀ ՀՕՊ ՄՀ) կատարելագործման խնդիրները։
Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, կվերլուծվի ԱՊՀ-ում՝ վրաց-աբխազական հակամարտության գոտում խաղաղության պահպանությանն ուղղված հավաքական ուժերի գործունեությունը։
Համագործակցության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, Հայրենական մեծ պատերազմի և հետագա պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնելու գործում ջանքերի համակարգման շրջանակներում, կքննարկեն աշխատանքային նոր մարմնի՝ ԱՊՀ մասնակից-պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդին կից հուշահամալիրի ստեղծման աշխատանքներով զբաղվող հանձնաժողովի կազմավորման հարցը։-0-