Սարգսյան. Նոր տարի ենք մտնում քաղաքական նոր համակարգով և նոր հույսերով

01.01.2016, 01:03
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ամանորի ուղերձում նշեց, որ Հայաստանը Նոր տարի է մտնում քաղաքական նոր համակարգով և նոր հույսերով:
Սարգսյան. Նոր տարի ենք մտնում քաղաքական նոր համակարգով և նոր հույսերով
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ամանորի ուղերձում նշեց, որ Հայաստանը Նոր տարի է մտնում քաղաքական նոր համակարգով և նոր հույսերով:

«Շուտով կմտնենք 2016 թվական: Նոր տարում մենք պատրաստվում ենք նշել Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը: Արդեն քառորդ դար մենք ազատ ենք ու անկախ: Դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է մեր երկիրն ունեցել 25-ամյա անկախություն: Սա ենթադրում է 20-25 տարեկանների նոր ու պայծառ մի սերունդ, որ չի պատկերացնում, թե ինչ է անկախ պետություն չունենալը. ազատ է ու անկաշկանդ թե՛ հոգեբանորեն, թե՛ քաղաքականապես»,- նշեց նախագահը:

Նրա խոսքով, սա նոր ու երիտասարդ Հայաստան է, որ բաց է աշխարհի առաջ՝ ընդունելու նոր՝ առաջադիմական գաղափարներ, ընդունելու աշխատանքի և կենցաղի նոր մշակույթ, որ ապրելու և ընթանալու է արդի աշխարհին համաքայլ:

«Մենք նոր տարի ենք մտնում նոր քաղաքական համակարգով, նոր լիցքերով ու հույսերով՝ համոզված, որ մեր տունը մենք ենք կառուցում և կառուցում ենք ճիշտ հիմքերի վրա: 25-ամյա Հայաստանը դեռևս մեր երազանքների Հայաստանը չէ, բայց պարտադիր և ամուր հանգրվան է այդ ճանապարհին»,- ասաց նա:

Նա նշեց, որ անցյալ ամբողջ տարին իսկապես հագեցած էր իրադարձություններով ու տպավորություններով: Մենք ոգեկոչեցինք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համահայկական և համաշխարհային ընդգրկում ունեցան: Նախագահն ընդգծեց, որ 2015 թվականը հայոց պատմության մեջ առաջին հերթին մնալու է մեր անմեղ զոհերի սրբադասման իրողությամբ:

Նախագահի խոսքով, այսօր աշխարհն ապրում է ծանր ու լարված պայմաններում: «Ցավոք, 2015 թվականը ոչ միայն չբերեց լիցքաթափում և առկա պատերազմների սառեցում, այլև որոշ դեպքերում մեծացավ լարվածությունը, թեժացան պատերազմների օջախները: Աշխարհի տարբեր ծայրերում չնվազեցին անմեղ քաղաքացիներիկյանքեր խլող անմարդկային ահաբեկչական գործողությունները: Ահա այս համապատկերում և այսհամատեքստում
Հայաստանն ապրեց ևս մի խաղաղ ու կայուն տարի: Մենք շարունակեցինք լինել աշխարհիամենաապահով երկրներից մեկը: Շարունակեցինք շենացնել մեր երկիրը, կառուցել ճանապահներ, տներ,դպրոցներ, հիվանդանոցներ՝ մտքում մշտապես ունենալով ավելին անելու երազանքը»:

Նա ավելացրեց, որ անցնող տարին Հայաստանի համար նշանավորվեց ևս մեկ կարևոր պետական-քաղաքական իրադարձությամբ: «Մենք բարեփոխեցինք Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Համոզված եմ, որ միասին դուռ բացեցինք քաղաքական ու տնտեսական զարգացման նոր հնարավորությունների առջև: Դուռ բացեցինք ավելի ապահով, ավելի ազատ և ավելի ներդաշնակ երկիր ունենալու համար»:

Ինչպես նշեց նախագահը, ավանդաբար այս տոնական գիշերը մենք բաժակ ենք բարձրացնում մեր զինվորականների համար: «Նրանք այն ամուր վահանն են, որի թիկունքում ապրում ենք մենք: Այն ամենաթանկը, ինչ ունենք, վստահված է նրանց: Եվ նրանք ամենաթանկն են մեզ համար: Հակառակորդը նենգ է, և դա նորություն չէ: Իսկ Հայաստանի զինված ուժերը ամուր են, ինչպես միշտ: Հայոց բանակն այսօր իր հագեցվածությամբ և մարտունակությամբ բարձր է, ինչպես երբևէ: Մաղթենք մեր զինվորականներին անփորձանք ծառայություն: Մաղթենք խաղաղություն մեր երկրին և ողջ աշխարհին»,- ասաց նախագահը երջանկություն և ամենայն բարիք մաղթելով բոլորին 2016 թվականին: -0-