Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է 1 ամսով
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է 1 ամսով:
«(Հակակոռուպցիոն) դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը: Տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 1 ամսով»,- լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին
Սամվել Կարապետյանը կալանքի տակ է գտնվել 2025 թվականի հունիսի 18-ից դեկտեմբերի 30-ը, ինչից հետո խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:
Նրան մեղսագրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր: Քրեական գործի առիթ են հանդիսացել Կարապետյանի հայտարարությունները՝ արված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ միշտ սատարել է Հայ Առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին և հավելել էր, որ քաղաքական գործիչների ձախողման դեպքում «պատրաստ է իր ձևով մասնակցել տեղի ունեցողին»:
Ավելի ուշ Կարապետյանին առաջադրվել են նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և փողերի լվացման համար: Կարապետյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։

