Սամվել Կարապետյանը մեղադրել է ՀՀ իշխանություններին ռեպրեսիվ գործողությունների և երկիրը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գործարար և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մեղադրել է ՀՀ իշխանություններին ռեպրեսիաներ ներդնելու և երկիրը «սևերի» և «սպիտակների» բաժանելու մեջ։
«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին. երկիրը բաժանել սևերի և սպիտակների։ Հերոսներին, գեներալներին, գիտնականներին, ամբողջ էլիտային դասեցին սևերի շարքը։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին սևերի դաշտում, ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր»,-ասվում է ՀՀ-ում իշխանությունը զավթելու կոչ անելու մեղադրանքով կալանքի ենթարկված գործարարի հայտարարության մեջ։
Նրա խոսքով, երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ՝ ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։ «Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին՝ ստիպված լինելով լքել կամ չվերադառնալ իրենց Հայրենիք: Շատերին անձամբ եմ ճանաչում, և նման վիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել»,-ընդգծել է նա։
Ինչպես նշել է գործարարը, ՀՀ իշխանությունները «կարողացան բոլորին բոլորի դեմ տրամադրել»։
«Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ՝ մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը և անում իր գործը. սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը»,-նշվում է գործարարի տարածած հայտարարության մեջ։
Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մասին
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ի գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։ Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։
«Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են», – հայտարարել է Կարապետյանը։
Դրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է․ «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։
Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։
Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։
Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:
Հունիսի 18-ին դատարանը բավարարել է գործարարին երկու ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը։
Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը։

