Սահմանվել է առաջիկա ընտրությունների էլեկտրոնային քվեարկության մեկնարկը

23.03.2017, 21:17
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի արտահերթ նիստ է գումարել։
Սահմանվել է առաջիկա ընտրությունների էլեկտրոնային քվեարկության մեկնարկը
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի արտահերթ նիստ է գումարել։

Ինչպես նշվում է ԿԸՀ հաղորդագրությունում, հանձնաժողովը սահմանել է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների քվեաթերթիկների նմուշները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2017 թվականի մարտի 23-ին` ժամը 19.30-ից «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը:

Նիստում սահմանվել է նաև Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:

«Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք, այցելուները կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին: Արտահերթ նիստում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է նաև քրեակատարողական հիմնարկներում կազմավորված թվով 12 տեղամասերում քվեարկության սկիզբը»,– նշվում է հաղորդման մեջ։

Հաղորդագրությունում նշվում է, որ հանձնաժողովի նիստում մեկնարկ է տրվել էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին:

Ազգային ժողովի ընտրությունների` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է 2017 թվականի մարտի 24-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, և ավարտվում` 2017 թվականի մարտի 26-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։

Հինգշաբթի` մարտի 23–ին, ավարտվել է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ դաշինքի անդամ կուսակցությունների կողմից ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը: Սահմանված ժամկետում որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ դաշինքի անդամ կուսակցության կողմից չի ներկայացվել ինքնաբացարկի դիմում:

Սահմանված ժամկետում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 52-ը:

Հայաստանում ապրիլի 2–ին կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնցով կկատարվի անցում խորհրդարանական իշխանավարման։ -0-