Ռուս մաքսայինները կանխել են Հայաստանից թուրքական լոլիկների ներկրումը

06.03.2017, 20:38
Միներալնիյե վոդիի մաքսայինները կանխել են Հայաստանից ավելի քան 2.5 տոննա թուրքական լոլիկի անօրինական ներկրման փորձ:
Ռուս մաքսայինները կանխել են Հայաստանից թուրքական լոլիկների ներկրումը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Միներալնիյե վոդիի մաքսայինները կանխել են Հայաստանից ավելի քան 2.5 տոննա թուրքական լոլիկի անօրինական ներկրման փորձ, գրանցվել է օրենսդրության խախտման երկու դեպք, հայտնում է grozny-inform.ru–ն` հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

Միջադեպը կատարվել է նախորդ շաբաթ։ Առաջին դեպքում «Գերզել» դաշնային անցակետում (Չեչնիայի Հանրապետության և Դաղստանի Հանրապետության միջև) տրանսպորտային միջոցի ստուգման ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 250 կգ թուրքական լոլիկ։ Փոխադրողի ունեցած փաստաթղթերի համաձայն, ամբողջ բանջարեղենը Ռուսաստանի Դաշնություն է ներկրվել Հայաստանի Հանրապետությունից, սակայն ապրանքի տուփերի մակնշումը վկայում էր դրանց թուրքական ծագման մասին։

Մեկ օր անց Պյատիգորսկի շուկաներից մեկում հայտնաբերվել է արդեն 2 250 կգ լոլիկ, նույնպես Հայաստանից։

«Այս պահին մոտ երկուսուկես տոննա լոլիկն առգրավվել է և կփոխանցվի Ռոսսելխոզնադզորի տարածաշրջանային բաժանմունք հետագա ոչնչացման համար։ Փողադրողների նկատմամբ դիտարկվում է վարչական օրինախախտման մասին գործի հարուցման հարցը ՌԴ ՎՕ օրենսգրքի 16.3 հոդվածով «Արգելքների և սահմանափակումների խախտում»»,– իրավիճակը մեկնաբանել է Միներալնիյե Վոդիի ապրանքների մաքսային վերահսկողության բաժնի պետ Օքսանա Սմիրնովան։ -0-