Քաղաքացին իր 50000 դրամ կենսաթոշակն իր ձեռքով կարող է դարձնել 60000 դրամ. Թորոսյանը՝ նոր կարգավորման մասին

02.10.2025, 13:21
Քաղաքական որոշումն ընդունված է և այն գործելու է 2026 թվականի հունվարի 1-ից
Քաղաքացին իր 50000 դրամ կենսաթոշակն իր ձեռքով կարող է դարձնել 60000 դրամ. Թորոսյանը՝ նոր կարգավորման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր լրագրողների հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն անդրադարձել է թոշակների ու նպաստների հետվճարի հետ կապված նոր կարգավորումներին։

«Մենք հետվճարի բոլոր կենսաթոշակներից և նպաստներից ունենք հետվճարի գործող համակարգ, որը սահմանափակված է 12, %–ով, բայց ոչ ավել, քան 6000 ֏–ը, որը կախված է նպաստի կամ կենսաթոշակի չափից։ Հիմա նոր կարգավորումը հետևյալն է լինելու, որ մենք 12 % սահմանաչափը բարձրացնում ենք մինչև 20 տոկոսի և առավելագույն թիվը մինչև 10000 դրամի»,- ասել է  նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ ունենք արդեն 350000 քաղաքացի, որոնք իրենց թոշակը և նպաստը իրենց իսկ ձեռքով բարձրացնում են։

«Օրինակ 50000 դրամ կենսաթոշակի վրա քաղաքացին կարող է 50000–ը դարձնել 60000 դրամ՝ կատարելով անկանխիկ առևտուր իր կարիքները հոգալու համար»,-ասել է Թորոսյանը՝ հավելոլով, որ սա շատ կարևոր գործիք է նաև պետության այլ քաղաքականությունները առաջ տանելու համար ստվերային տնտեսության դեմ պայքարի գործում։

«Հետևաբար որոշումը շատ պարզ է, երբ կարգավորումները կլինեն, և Կառավարության նիստով կընդունվի, ևս մեկ անգամ վերջնական դրա մասին կասենք: Բայց քաղաքական որոշումն ընդունված է»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական որոշումն ընդունված է և 2026 թվականի հունվարի 1-ից է այն գործելու:

Անդրադառնալով այն մտահոգությանը, թե գյուղական համայնքերում չի կարող լինել այդ հնարավորությունը՝ Թորոսյանն ընդգծեց.

«Այո՛, կարող են լինել փոքր համայնքներ, որտեղ հնարավոր է՝ չլինեն հնարավորություններ անկանխիկ առևտրի, բայց դրանք շատ փոքրաթիվ են: Մնացած բոլոր տեղերում այդ հնարավորությունը կա»,-ասաց նա։

«Մենք այս պահին ունենք 350000 կենսաթոշակառու և նպաստառու, ով բարեհաջող կերպով օգտվում է այս ծրագրից և հետևաբար մնացած բոլոր կենսաթոշակառուները և նպաստառուները նույնպես կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Այո, կարող են լինել որոշ փոքր գյուղական համայնքներ, որտեղ որ հնարավոր է չլինեն հնարավորություններ անկանխիկ առևտրի, բայց դրանք շատ փոքրաթիվ են, և մնացած բոլոր տեղերում այդ հնարավորությունը առկա է, և մենք նաև սրանով խթանում ենք, որպեսզի մեր ազգաբնակչությունը ինքը նաև պահանջի, որպեսզի լինեն անկանխիկ առևտրի կետերը անկանխիկ առևտուր անելու համար։ Սա երկկողմանի շահավետ, ըստ էության, ծրագիր է` պետություն և քաղաքացի, որովհետև մեր քաղաքացիները նույնպես պետք է շահագրգռված լինեն, որպեսզի հարկեր վճարվեն պետական բյուջե, որովհետև իրենց կենսաթոշակները և նպաստները վճարվում են հարկային եկամուտներից»,-ասաց Թորոսյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, թե պետական պաշտոնյաներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, իսկ թոշակառուների հանդեպ այսպիսի մոտեցում է կիրառվում, Թորոսյանն ասաց, որ նրանք ստանում են շատ համեստ աշխատավարձ։

«Մեր հանրային ծառայությունում և համայնքային ծառայությունում աշխատող տասնյակ 1000–ավոր քաղաքացիներ ստանում են շատ համեստ աշխատավարձ և կատարում են շատ ծանր աշխատանք, որպեսզի նաև մեր կենսաթոշակառուները, նպաստառուները, մյուս բոլոր ծառայությունները կարողանան աշխատել»,-եզրափակեց նախարարը։