Քաղաքական ազատությունը «գիտական ճեղքման» դիմաց. հայկական բուհերին նոր պահանջներ կներկայացվեն

06.02.2019, 18:43
Հայկական բուհերը քաղաքական ազատություն կստանան:
Քաղաքական ազատությունը «գիտական ճեղքման» դիմաց. հայկական բուհերին նոր պահանջներ կներկայացվեն
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայկական բուհերը քաղաքական ազատություն կստանան, չորեքշաբթի կառավարության նիստում հայտնեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Հայաստանի կառավարությունը նիստում հաստատել է Վարդան Ուռությանի թեկնածությունը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։ Բուհում ընտրությունները կայացել են 2018 թվականի դեկտեմբերի վերջում, ինչից հետո բուհի խորհուրդը հաստատեց նոր ռեկտորին և ներկայացրեց կառավարության հավանությանը։

«Մենք արդեն ավարտում ենք բուհերի խորհուրդների ձևավորումը, 99 տոկոսով ապաքաղաքականացնելով դրանք, ինչով գործնականում լուծել ենք մեր առջև դրված խնդիրը բուհերի հոգաբարձուների խորհուրդներում պետպաշտոնյաների թվի կրճատման ուղղությամբ»,– ասաց Հարությունյանը։

Նա նշեց նաև, որ այս կապակցությամբ ծրագրվում է օրենսդրական փոփոխություններ կատարել բուհերի ինքնուրույնությունը բարձրացնելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, բուհերի ապաքաղաքականացումը կարևոր խնդիր է, հատկապես հաշվի առնելով այն, որ կառավարությունը չի միջամտում դրանց գործունեությանը և, ելնելով դրանից, բարձրացնում է բուհերի խորհուրդների ինքնակառավարման մակարդակը։

«Տվյալ ուղղությամբ անելիքներ կան, այդ թվում` օրենսդրական մակարդակով։ Մենք կոչ ենք անում դասախոսներին և ուսանողներին ավելի ակտիվ լինել, գործակցել նոր կոնտենտ ստեղծելու գործում, այլ ոչ թե զբաղվել անձնական խնդիրներով, քանի որ հիմնական խնդիրը համակարգային լուրջ փոփոխություններն են»,– ասել է Փաշինյանը։

Նա միաժամանակ նշել է, որ հետազոտական ոլորտի բազմաթիվ լիազորություններ, որոնք այսօր ունեն նախարարությունները, կտրվեն բուհերին, դիտարկվում է նաև բյուջետային միջոցների փոխանցման հնարավորությունը։

«Մենք մեծ հույսեր ենք կապում Ագրարային համալսարանի հետ, քանի որ դրանք կկանխորոշեն ոլորտի հնարավոր հաջողությունը»,– ասել է Փաշինյանը։ -0-