Փաշինյանը կոչ է արել հայ կին ձեռներեցներին չվախենալ «հեծանիվ ստեղծելուց» (ՎԻԴԵՈ)

26.04.2019, 17:01
Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաջող կլինի կին ձեռներեցների խրախուսման պայմաններում։
Փաշինյանը կոչ է արել հայ կին ձեռներեցներին չվախենալ «հեծանիվ ստեղծելուց» (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաջող կլինի կին ձեռներեցների խրախուսման պայմաններում։ Այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Երևանում Կին ձեռնարկատերերի համաշխարհային ասոցիացիայի միջազգային համաժողովում (FCEM)։

«Հայաստանում վերջին տարում կանանաց դերն ու նրանց ակտիվության մակարդակըւ զգալիորեն աճել են։ Նախորդ տարի երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իրականություն չէր դառնա առանց նրանց մասնակցության։ Կանանց դերը կատարված հեղափոխության մեջ իսկապես վճռորոշ էր։ Ես նաև վստահ եմ, որ նրանց դերը տնտեսական հեղափոխության մեջ նույնքան կարևոր կլինի»,– ընդգծել է նա։

Վարչապետի կարծիքով, Հայաստանում մի շարք ոլորտներ, սկսած պետական կառավարումից և ավարտած բիզնեսի ձևավորմամբ, կնոջ ձեռքի կարիք ունեն։



«Ընդհանրապես կարծում եմ, որ մեր երկիրը կանանց խնամքի անհրաժեշտություն ունի, երբ մենք մեր հայրենիքի տարբեր անկյուններում տեսնում ենք չկազմակերպվածության, թափթփվածության, երբեմն փնթիության ընդլայնված երևույթներ, սա ևս մեկ անգամ ակնհայտ է դարձնում, որ Հայաստանը կանանց խնամքի կարիք ունի»,– ասել է վարչապետը։

Նա նշել է, որ կանանց ակտիվությունը տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, հանրային կյանքում, պետական կառավարման համակարգում որևէ կերպ չի հակասում և չպիտի հակասի ավանդական ընտանիքի մասին մեր ազգային պատկերացումներին: Մենք այսօր ունենք այդպիսի շատ տեսանելի օրինակներ, որոնք հիմնավորում են մեր այս դիրքորոշումը, մեր այս ասածը:

«Ես այսօր ուզում եմ իսկապես կոչ անել Հայաստանի Հանրապետության բոլոր կանանց, որ նրանք իսկապես անեն իրենց քայլը նաև տնտեսական հեղափոխության գործում, որովհետև համոզված եմ` նաև ձեռներեցության մեջ կանայք ավելի արդյունավետ կարող են լինել, ավելի հաշվենկատ, ավելի հավասարակշռված, ավելի հաշվարկված և ունեն հիմնավորված քայլերով առաջ գնալու ընդունակություն»,– ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով, հայ կնոջ պատասխանատվության զգացումը մի փոքր ավելին է, քան տղամարդկանց շրջանում:

«Ես համոզված եմ, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում քաղաքականության մեջ, տնտեսության մեջ կանանց ներգրավվածությունը գնալով շատանալու է: Ես հույս ունեմ, որ այն հնարավորությունները, որ մենք այսօր ստեղծում ենք աղքատության հաղթահարման համար, մենք ստեղծում ենք գործարարության, փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, միկրոբիզնեսի զարգացման համար: Ես հույս ունեմ, որ կանայք նախաձեռնությունը կվերցնեն և այստեղ էլ տնտեսական հեղափոխության գործում կունենան շրջադարձային նշանակություն»,– ասել է վարչապետը։

Նա նաև կոչ արեց կանանք չվախենալ հեծանիվ ստեղծելուց, քանի որ ամեն բան կարելի է նորովի անել։ -0-