Փաշինյանը Բաքվից պարզաբանման է սպասում «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործման վերաբերյալ

02.10.2025, 12:27
ՀՀ վարչապետը առաջարկել է Ադրբեջանին պարզաբանել, թե ինչ են իրենց երկրում հասկանում «Զանգեզուրի միջանցք» ասելով
Փաշինյանը Բաքվից  պարզաբանման է սպասում «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Ադրբեջանին պարզաբանել, թե ինչ է նշանակում «Զանգեզուրի միջանցք» տերմինը այդ երկրում։

««Պետք է արձանագրեմ, որ ձեր հարցերի վերաբերյալ իմ դիրքորոշումները չեն փոխվել․ դրանք չեն կարծրացել, չեն թուլացել։ Այն, ինչ արձանագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, մեր քաղաքականությունն է, մեր կամքը, և մենք համոզված ենք, որ դա պետք է իրագործվի հնարավորինս շուտ։ Ի՞նչն է խնդիրը։ Խնդիրը հետևյալն է․ մենք ունենք ստորագրված և նախաստորագրված փաստաթղթեր, և երբ հնչում են արտահայտություններ, որոնք այդ փաստաթղթերում չկան, բնականաբար, հարց է առաջանում։ Օրինակ՝ օգտագործվում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Մենք բացում և կարդում ենք Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը․ այնտեղ կա՞ նման արտահայտություն։ Չկա։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը՝ նախաստորագրված։ Կա՞ այնտեղ նման արտահայտություն։ Չկա։ Երբևէ որևէ փաստաթղթում մենք ընդունե՞լ ենք նման ձևակերպում։ Չենք ընդունել։ Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչու է այն շրջանառվում։ Ես պարզ հարց տվեցի և ասացի, որ արժե հստակեցնել՝ որտեղի մասին է խոսքը։Այս մասին ես խոսել եմ նաև Ազգային ժողովի ամբիոնից, որովհետև սա կարևոր նյուանս է։ Օրինակ՝ եթե Ադրբեջանում որոշում են որևէ ճանապարհ անվանել, ասենք՝ Հորադիզ-Զանգելան, պետք է մեզ հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ է, թե՞ ոչ», - ասել է ՀՀ վարչապետը։

Ինչպես ընդգծել է Փաշինյանը, Ադրբեջանն իր տարածքում օգտագործում է իր տեղանունները, իսկ Հայաստանն՝ իր սեփականը։

«Երկու անվան շուրջ համաձայնություն է ձեռք բերվել՝ TRIPP երթուղին և մեր «Խաղաղության խաչմերուկը», և նրանք (Ադրբեջանում) կարող են անել այն, ինչ ուզում են. մենք հարցը կհամարենք փակված... Մենք փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը, և փոփոխությունները (բառապաշարում) պետք է իրականացվեն օգոստոսի 8-ից հետո», - հայտարարել է ՀՀ վարչապետը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանը սկսում է երկաթուղու, գազամուղների, այլ էլկտրահաղորդման գծերի նախագծման և կառուցման աշխատանքները, և կոչ է արել Ադրբեջանին հնարավորինս շուտ իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Կողմերը կարևորել են վստահություն ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին

 Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

 Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։