Փաշինյան. եթե տեսնեմ, որ Ադրբեջանի իշխող վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում է շատ երկար ժամանակ, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:
«Միանշանակ է, որ այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018թ․-ից հետո դրել է Ղարաբաղի հարցի և ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության բովանդակության վրա: Կարծում եմ՝ դա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում է շատ երկար ժամանակ, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա»,- նշել է Փաշինյանը:
Նրա գնահատմամբ, որ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն է, որ Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսը ընկալեն վախերի պրիզմայով։
«Միայն այդ պարագայում կարող էր այդ ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա հիմնված քաղաքականությունը լինել արդյունավետ: Բայց քանի որ հայ ժողովուրդը առավել ևս Արցախի հարցը վախերի օպրիզմայով ընկալելու սովորություն, մշակույթ չունի, և մենք ասել ենք, որ բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո, ու քանի որ այս հանգամանքների բերումով այդ ռազմաշունչ տրամաբանությունն ինքը արդյունավետ չէ, ինքը հայտնվում է տեղապտույտի մեջ»,-ընդգծել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի իր սեփական ժողովրդին բացատրելու, որ այս 15 տարի ռազմաշունչ տրամաբանությամբ գնում են առաջ և դա է իրենց հայեցակարգը, բա ինչո՞ւ արդյունքի չեն հասնում:
«Այս օդում կախված հարցին պատասխանելու համար Ադրբեջանը ևս մեկ աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի սեփական ժողովրդի համար, բայց դրանից տեղապտույտն ավելի է խորանում»,- հայտնել է Փաշինյանը:
Վարչապետը կրկին վերահաստատել է իր նախկինում արված հայտարաությունը, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար:
«Ես տպավորություն ունեմ, որ դիսկուրսի առումով Ադրբեջանի ղեկավարությունը շատ մեծ դիսկոմֆորտ կարող էր ապրել այն բանից, որ օրինակ ես վարչապետի կարգավիճակով չէի խորշում ուղիղ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ և կարծում եմ՝ այդ ռազմաշունչ հռետորաբանության աստիճանի բարձրացման պատճառներից մեկը ներքին վախերն են, որ, ըստ էության, ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում, դա շատ հետաքրքիր հնարավորություն է խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ՝ հասկանալով, որ Ղարաբաղի հարցը քաղաքական էլիտայի համար կարող է լինել ոչ միայն ազգային անվտանգության հարց, այլ նաև ունեցվածքի, իշխանության պահպանության հարց: Բայց ժողովուրդների համար սա շատ ավելի լայն կոնտեքստ ունի, և ես երբեք չեմ բացառել, որ եթե տեսնեմ, որ Ադրբեջանի իշխող վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ ու անկեղծ: Մենք պետք է իմանանք, որ առնվազն այդ հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»,- նշել է վարչապետը: -0-

