Օդի աղտոտվածության արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար վտանգ չեն ներկայացնում. պաշտոնական

29.08.2017, 10:29
Հայաստանի առողջապահության և բնապահպանության նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Օդի աղտոտվածության արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար վտանգ չեն ներկայացնում. պաշտոնական
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության և բնապահպանության նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Օգոստոսի 28-ին ժամը 14:30-15:00–ի սահմաններում «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում իրականացվել են մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ:

Ըստ հաղորդագրության, մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների / ՍԹԿ/ տիրույթներում, ծծմբի երկօքսիդը գերազանցել է ՍԹԿ-ն 1,6 , ընդհանուր փոշին՝ 3,6 անգամ:

«Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 5 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,1-4,8 անգամ: Բոլոր 6 դիտակետերում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 2,1-6,0 անգամ»,– ասվում է հայտարարության մեջ։

Загружается новость ... "Право"

ՀՀ կառավարության 2008 թ. հոկտեմբերի 16-ի N1186 որոշման համաձայն, վտանգավոր է համարվում մթնոլորտի աղտոտվածության այն մակարդակը, որի դեպքում ՍԹԿ-ն երկու օրից ավելի գերազանցում է 20-29 անգամ, 8 ժամից ավելի՝ 30-49 անգամ կամ 2 ժամից պակաս՝ 50 անգամ և ավելի, այսինքն, արձանագրված կոնցենտրացիաները բազմակի անգամ ավելի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը:

Հետևաբար, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված հրշեջներն անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հրդեհի հարակից տարածքների բնակիչներին, որտեղ զգացվում են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ), փակել բնակարանների դռները և պատուհանները։

Առավել խոցելի են երեխաները, հղի կանայք, ծերերը և շնչառական հիվանդություններ (մասնավորապես` ասթմա, բրոնխիտ, սիրտթոքային անբավարարություն) ունեցողները։

Նշված հիվանդություններով տառապող անձանց խորհուրդ է տրվում բաց չթողնել իրենց առօրյա դեղորայքի ընդունումը, խստագույնս հետևել բժշկի նշանակումներին, իսկ հիվանդության սրացման ախտանիշների դեպքում՝ անհապաղ դիմել բժշկի:

Դիտարկումները շարունակվում են։ -0-