Նոր տարվա տոնակատարությունները Երևանում` մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար

16.12.2016, 15:12
Ամանորի միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին:
Նոր տարվա տոնակատարությունները Երևանում` մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորի միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում, ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Այդ օրը կվառվեն գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լույսերը։ Միաժամանակ նշվեց, որ այս տարի լույսերի միացման հանդիսավոր արարողություն նախատեսված չէ։

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, կկազմակերպի Նոր տարվա դիմավորման տոնական ծրագիր` հայկական էստրադայի սիրված արտիստների մասնակցությամբ ու պարային կատարումներով, իսկ ուղիղ կեսգիշերին հրավառությամբ կազդարարվի Նոր տարվա գալուստը։

Ամանորի գիշերը մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ն:

Արամ Սուքիասյանը նշել է, որ այս տարի տոնական հիմնական միջոցառումները տեղի կունենան Ազատության հրապարակում: Բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում:

Հյուրերին, ինչպես նաև երեխաներին Ազատության հրապարակում կհյուրանկալեն հեքիաթային սառցե քաղաքը և Ձմեռ պապը։ Հունվարի 5-ին ժամը 15:00-ից հեքիաթային քաղաքի բեմահարթակում ելույթ կունենան մանկական սիրված խմբեր, փոքրիկ երգիչ-երգչուհիներ:

Իսկ հունվարի 6-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ, Սուրբ ծննդյան տոնածիսական արարողությամբ կմեկնարկի ազգագրական երգի և պարի կատարումներով համերգային ծրագիրը:

Տոնական ծրագրի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան օժանդակություն:

«Նվերների փաթեթներ են նախապատրաստված նաև շուրջ 40 հազար երեխաների համար: Բացի այդ, ևս 4000 երեխաներ էլ հնարավորություն կունենան անվճար այցելելու թատրոններ և դիտելու ամանորյա ներկայացումներ», - ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Ամանորի տոնական միջոցառումների ծրագրերի հետ բնակչությանը ծանոթացնելու նպատակով տեղեկատվական բուկլետներ կբաժանվեն մայրաքաղաքի հանրային, մարդաշատ վայրերում:

«Այս տարի բուկլետում ներառված է «Օգտակար տեղեկություններ» բաժինը, որտեղ հատկապես մայրաքաղաքի հյուրերի համար ներկայացված է հունվարի 2-ից գործող սննդի և ժամանցի մի շարք վայրերի վերաբերյալ տեղեկատվություն:
Հավելյալ տեղեկությունների համար նշված են նաև էլեկտրոնային փոստի հասցեներ և հեռախոսահամարներ»,– նշել է քաղաքապետի տեղակալը։

Երևանում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 18:00-ին: -0-