Մոտ 4000 դիտորդ է ներգրավվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում

14.02.2017, 10:58
Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ընտրատեղամասերում կհետևեն 3500-4000 դիտորդներ:
Մոտ 4000 դիտորդ է ներգրավվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ընտրատեղամասերում կհետևեն 3500-4000 դիտորդներ, «168 ժամ» թերթի հետ զրույցում հայտնել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով, ինչպես նշում է պարբերականը, արդեն գրանցվել է մոտ 2300 քաղաքացիներ, որոնք ցանկանում են դիտորդ լինել։

«Շուտով այդ թիվը կավելանա, որովհետև 3000 դիտորդ կմոբիլիզացնենք Հայաստանից, ևս 400– 500-ը կլինեն սփյուռքից, նաև 150 վիրահայեր ունենք, որոնք գալու են և մասնակցեն ընտրություններին։ Կարծում եմ՝ այդ թիվը կարողանալու ենք ապահովել»,– ասել է Գրիգորյանը։

Վերջինիս խոսքով, դիտորդների այսպիսի թիվը նպաստում է ընտրատեղամասում ընտրախախտումների թվի նվազմանը։

«Իհարկե, բոլոր հարցերը չենք լուծում, բայց բավականին խնդիրներ լուծում ենք։ Եթե այս անգամ բոլոր ընտրատեղամասերում կամ դրանց մեծ մասում դիտորդներ լինեն, ազդեցությունն ավելի լայնածավալ կլինի»,– ասել է համակարգողը։

Նա ավելացրել է, որ 4000 դիտորդ ներգրավելու դեպքում Հայաստանի 2000 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում զույգ դիտորդ է լինում, և բոլոր ընտրատեղամասերը կփակվեն։

«Բայց այսպիսի բան կա, որ, եթե 1500 ընտրատեղամասեր փակենք 3000 դիտորդով, դա կլինի ընտրողների 93% թիվ, այսինքն՝ մեծ համայնքներում, խոշոր տեղամասերում մեծ ազդեցություն է լինում։ Եթե դիտորդների թիվը մեծանում է, գնում ենք նաև 800 և քիչ բնակիչներ ունեցող համայնքներ և ընտրողների մինչև 95%-ի չափով ընտրատեղամասերում դիտորդներ ենք ունենում»»,– գրում է թերթը։ -0-