Մայր Աթոռը Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ հայտարարություն է տարածել։
«Քիչ առաջ տեղյակ դարձանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։
Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է՝ նպատակ ունենալով վախի ու սպառնալիքի կիրառմամբ Հայոց Եկեղեցուն զրկելու հավատավոր իր հոտի աջակցությունից։
Խստորեն դատապարտելով ամոթալի այս վարքագիծը՝ գնահատում ենք այն որպես հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը, այնպես և Հայոց Եկեղեցուն։
Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին և Կարապետյան ընտանիքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունն ու պահպանությունը նրանց»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն հայտնել ենք, Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Դատարանը բավարարել է գործարարին երկու ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը։
Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։
Նշենք, որ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։ Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։
«Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են», – հայտարարել է Կարապետյանը։
Դրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է․ «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։
Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։
Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը։