Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026, 18:51
Գևորգ եպիսկոպոս Սարոյանն այն 10 եպիսկոպոսների շարքում է, ով վարչապետ Փաշինյանի հետ միասին ստորագրել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բարենորոգման հայտարարությունը
Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Նշենք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն այն 10 եպիսկոպոսների շարքում է, ով վարչապետ Փաշինյանի հետ միասին ստորագրել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բարենորոգման հայտարարությունը։