Լևոն Տեր–Պետրոսյանը Կաթողիկոսի հետ զրույցում դատապարտել է Հայոց Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հունիսի 7-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները
Փաշինյանը մայիսի 29–ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է․ «Մեր եկեղեցիները չուլանացված են»։
«Մի քանի տաճար այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարցնում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ որևէ ՊՈԱԿ։ Մենք խնդիր դնո՞ւմ ենք այնտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են»,- ասել է նա։
Մայիսի 30-ին վարչապետը մի քանի գրառումներ արեց իր Facebook–յան էջում՝ արձագանքելով հասարակությունում, այդ թվում՝ հոգևորականության շրջանում, եկեղեցիների վերաբերյալ իր հայտարարությունների քննադատությանը։ Փաշինյանն նաև արել է հետևյալ արտահայտությունը․ ««Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Նա նաև գրել է․ «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևւէ մեկի գործը չէ։ Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ»։
Սյունյաց թեմի առաջնորդ Մակար Հակոբյանն իր հերթին նշել է, որ եկեղեցիների «չուլանացման» մասին Փաշինյանի խոսքերը ոչ միայն անտեղի ու խիստ անհաջող համեմատություն են, այլև վիրավորական ու անհարգալից բնորոշում՝ ուղղված մի կառույցի, որը դարերի ընթացքում եղել է մեր ժողովրդի հոգևոր լույսն ու ազգային տոկունության աղբյուրը։ Նա ընդգծել է, որ եկեղեցին երբեք շքեղության վայր չի եղել, բայց միշտ եղել է հավատքի, մխիթարության և ազգային հավաքականության սուրբ օթևան։ Եվ այդ օթևանը երբեք չի կարող «չուլան» դառնալ, քանի դեռ նրա պատերը ամրացած են հավատավոր ժողովրդի սրտերում։
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը հայտարարեց, որ այդ գրառումն ինքնին հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է և նշված անձը թույլ է տվել քրեորեն հետապնդելի ծանրագույն հանցանք։
Հունիսի 3–ին Փաշինյանը կրկին մի քանի գրառումներ է արել։ Նա մասնավորապես գրել է․ «Հիմա որքան հասկանում եմ, մայիսի 29–ի իմ մի գրառման արձագանքը հետևյալն է․«Իսկ ինչու՞ դոմփել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել։ Իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները «սրբազանների» մասին հետագա գրառումներում նկատի կունենամ»։
Մեկ այլ գրառմամբ Փաշինյանն անդրադարձել է Գարեգին Բ–ի կուսակրոնության հարցին։
«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։
Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։
Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև տեսնում եմ հոգևոր անվտանգության խնդիր, ասում եմ նաև որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում»,– գրել է Փաշինյանը։